Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻՊ-ը ստացել է բազմաթիվ բողոքներ անhետ կորածների և գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովի գործունեության վերաբերյալ․ ՄԻՊ-ի օգնական

ՄԻՊ-ը ստացել է բազմաթիվ բողոքներ անhետ կորածների և գերիների հարցերով զբաղվող  հանձնաժողովի գործունեության վերաբերյալ․ ՄԻՊ-ի օգնական
Հասարակություն
13:54, 30 август 2021
«Բուն պատերազմի ընթացքում և պատերազմից հետո մենք արձանագրել ենք պետական մարմինների միջև համագործակցության լուրջ խնդիրներ։ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմական գործողությունների ընթացքում և ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո պետական իրավասու մարմինները պատշաճ չեն ապահովել բազմաթիվ զինծառայողների ճակատագրերի մասին ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նրանց հարազատների իրավունքը»,- այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Անդրանիկ Եղոյանը։

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 30-ին, անհետ կորածների միջազգային օրվա առիթով «Մեդիա» կենտրոնը կազմակերպել է առցանց քննարկում՝ «Անհետ կորած անձանց միջազգային օր. 44-օրյա պատերազմում ունենք 243 անհետ կորած» թեմայով: 
Անդրանիկ Եղոյանը հիշատակեց, որ ՊՆ հրամանով ստեղծվել էր հանձնաժողով, որը գործում է Ուլնեցի 56/6 հասցեում, և այդ հանձնաժողովն ընդունել է բազմաթիվ քաղաքացիների՝ անհետ կորածների և գերության մեջ գտնվողների հարազատներին. «Հանձնաժողովի բուն ֆունկցիաներից մեկը եղել է նաև հարազատներին պատշաճ տեղեկությունների տրամադրումը ճակատագրերի վերաբերյալ։ Սակայն ՄԻՊ-ը ստացել է բազմաթիվ բողոքներ այս հանձնաժողովի գործունեության վերաբերյալ։ Օրինակ՝ ստանում ենք գանգատներ, որ մարդիկ կոնկրետ տեղեկություններ են ներկայացնում հանձնաժողովին, անցնում է որոշակի ժամանակ, և հանձնաժողովը պետք է իրականացնի աշխատանքներ և հարազատներին տրամադրի տեղեկություններ, սակայն ամիսներ անց մարդիկ ստանում են այն տեղեկությունը, որն իրենց նախապես հայտնել էին»։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ընդգծեց, որ իրենք բազմիցս նշել են, որ անհետ կորածների խնդրով պետք է զբաղվի մասնագիտացված պետական կառույց. «Չի կարող ՊՆ ստորաբաժանումը զբաղվել անհետ կորածների հարցերով, որովհետև ակնհայտորեն կա շահերի բախում։ ՊՆ-ն կարող է անհետ կորած զինծառայողի անհետանալու հանգամանքների, ճակատագրի հետ կապված այնպիսի մի ինֆորմացիայի, տեղեկության կամ այնպիսի խնդիրների առնչվել, որոնք վերաբերեն զինվորական պատասխանատու անձանց։ Իսկ անհետանալու հանգամանքները պետք է ուսումնասիրվեն պատշաճ և օբյեկտիվ, ԴՆԹ նույնականացման պատասխանները բավարար չեն»։