Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ր արարքների համար է մի քանի քրգործով որպես մեղադրյալ ներգրավվել Քասախի գյուղապետը

Ո՞ր արարքների համար է մի քանի քրգործով որպես մեղադրյալ ներգրավվել Քասախի գյուղապետը
Հասարակություն
17:44, 06 сентябрь 2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների՝ իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել:

Նշենք, որ Արա Մկրտչյանը ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Սակայն սա միակ քրեական գործը չէ, որ հարուցվել է Արա Մկրտչյանի նկատմամբ։

Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ Կոտայքի մարզի Քասախ համայնքում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ: 

Մասնավորապես, Քասախ համայնքի ղեկավարը նախապես պայմանավորվել է մի քաղաքացու հետ Քասախում ընդհանուր 9600 քմ մակերեսով հողատարածքի մեկ քառակուսի մետրը 15 դոլարով ձեռք բերելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարը և նրա հետ նախնական համաձայնության եկած համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, ընդհանուր 144 հազար դոլարին համարժեք 59 միլիոն դրամից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, խախտել են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները և, որպես աճուրդի կազմակերպիչ, աճուրդների մասին հրապարակային ծանուցում չեն ներկայացրել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք՝ հնարավոր այլ շահառուների զրկելով աճուրդներին մասնակցելու իրավունքից: Հետո փաստացի չկայացած աճուրդների վերաբերյալ կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող՝ հողամասերն իբր աճուրդով վաճառելու վերաբերյալ 12 արձանագրություն, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառել աճուրդների անցկացման, տարբեր անձանց մասնակցության և կատարված քայլերի վերաբերյալ ու դրանց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող՝ 9600 քմ մակերեսով հողատարածքների վաճառքը ձևակերպել են մեկ քառակուսի մետրն ընդամենը 2900 դրամով՝ ընդհանուր 28 միլիոն դրամով: Այդ կերպ նրանք յուրացրել են գնորդի կողմից կանխիկ եղանակով իրենց վստահված 59 միլիոն դրամից առանձնապես խոշոր չափերի գումար՝ 31 միլիոն դրամ։ 

Բացի դրանից, կիրառելով նույն մեխանիզմը՝ Քասախի համայնքային սեփականություն հանդիսացող՝ 800 քմ մակերեսով հողատարածքը համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետին օտարվել է մոտ երկուսուկես միլիոն դրամով, իսկ վերջինս էլ, այն բաժանելով երկու մասի, անցած տարվա հունիս և օգոստոս ամիսներին առուվաճառքի պայմանագրերով դրանք վաճառել է համապատասխանաբար՝ չորս միլիոն և ութ միլիոն 730 հազար դրամով, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 10 միլիոն դրամի էական վնաս, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:  

Դեպքերի առթիվ քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ։