Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր

Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր
Հասարակություն
18:40, 19 апрель 2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող ծրագրի պատասխանատուներին: Քննարկվել է ԱԶԲ-ի նախաձեռնությամբ մշակվող Հայաստանում սեյսմիկ անվտանգության բարելավման և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորման ռազմավարության նախագծի  կրթության բաղադրիչը:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր՝ Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման և վերակառուցման ծրագրին՝ ներկայացնելով Կառավարության սահմանած թիրախները: Ըստ նախարարի տեղակալի՝ ԱԶԲ-ի «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը» համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրին, որի առաջնահերթ ուղղություններից է դպրոցաշինությունը:
«Ակնկալում ենք, որ մեր դպրոցները կունենան այնպիսի միջավայր ու ենթակառուցվածքներ, որոնք ոչ միայն կապահովեն բարենպաստ և ժամանակակից ուսումնական պայմաններ՝ արդյունավետ ուսումնական գործընթաց կազմակերպելու տեսանկյունից, այլև կապահովեն անվտանգային բարձր չափանիշներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ ամբողջական միջավայր ստանալու առումով ոչ միայն շենքերի, այլև գույքի թարմացման խնդիր ունենք:

Ծրագրի պատասխանատուները հայտնել են, որ մշակվող ռազմավարության նախագծում նախատեսում են ներառել նաև մշակույթի ոլորտի կառույցների բաղադրիչը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրագործման ընթացիկ փուլին վերաբերող  մի շարք կազմակերպական հարցեր: