Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մտահոգիչ է «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ցուցանիշները. խորհրդակցություն՝ ավագ դպրոցների տնօրենների հետ

Մտահոգիչ է «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ցուցանիշները. խորհրդակցություն՝ ավագ դպրոցների տնօրենների հետ
Գիտություն
19:13, 29 август 2023
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ավագ և մասնավոր դպրոցների տնօրենների հետ՝ ամփոփել օգոստոսյան խորհրդակցությունների շարքը:

Խորհրդակցությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է միասնական և ընդունելության քննությունների վերլուծական տվյալները: Որպես ավագ դասարաններում ընդհանրական խնդիր՝ նա անդրադարձել է միասնական քննությունների ամփոփ տվյալներին՝ համաձայն որոնց համեմատաբար բարձր ցուցանիշները գրանցվել են «Անգլերեն» և «Հայոց պատմություն» առարկաներից՝ միջին գնահատականը 13 միավոր:

«Մտահոգիչ է «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ցուցանիշները, որոնց միջին գնահատականները տատանվում են 11 միավորի շրջանում: Հետաքրքրական է, որ ՀՀ գրեթե բոլոր շրջաններում «Ֆիզիկա» առարկայից ավելի բարձր միավորներ ունենք, քան «Մաթեմատիկայից»»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ արդյունքների վերլուծությունը կարող է ուղենիշ լինել ավագ դասարաններում կրթության որակի բարելավման առումով:

Նոր ուսումնական տարում բոլոր դպրոցներում ներդրվելու է հանրակրթական նոր չափորոշիչը՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: 10-րդ դասարանում չի ներդրվի՝ պայմանավորված դասագրքերի պակասով: «10-րդ դասարանում 10-ից ավելի պակաս դասագրքեր կան, ուստի չափորոշիչը այս դասարանում կներդրվի հաջորդ ուսումնական տարում»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ նոր չափորոշչի ներդրմամբ՝ իրականացվել են վերապատրաստումներ մենթոր դպրոցների միջոցով, որոնք հիմնականում ավագ դպրոցներն են: Մենթոր դպրոցների համակարգի կայացման մասին խոսելիս Արաքսիա Սվաջյանը նշել է, որ դրանք փոքր վերապատրաստման կենտրոններն են, այլ կերպ՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ արբանյակները, որոնք ունեն մեծածավալ անելիքներ տարբեր ձևաչափերով: Տնօրեններին իրազեկվել է, որ ԿԶՆԱԿ-ը ունի առանձնացված թեժ գիծ, որը նախատեսված է նոր չափորոշչի ներդրման վերաբերյալ հարեցրի պարզաբանման համար:

Թեմայի շրջանակում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև նոր դասագրքերին: Դրանց տպագրությունն ընթացքի մեջ է: Ուսումնական տարվա մեկնարկին նոր չափորոշչի փորձարկմամբ պայմանավորված՝ նաև նոր դասագրքեր են ստեղծվել: Սակայն ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին, մինչև նոր դասագրքերի տպագրումը:
«Մենք ունենք դպրոցների աջակցության կարիքը, հատկապես, կազմակերպչական հարցերում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ առաջիկա ուսումնական տարվա համար ևս կհայտարարվեն նոր դասագրքերի ստեղծման մրցույթներ:

Հանդիպմանը նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դպրոցներում ներդրվող ֆինանսավորման նոր մոդելին, դրույքաչափի փոփոխությանը, ինչպես նաև հոգեբանի հաստիքի ներդրմանը, որի համատեքստում նա նշել է. «Դպրոցը պետք է դառնա այն միջավայրը, որտեղ երեխան իրեն զգա անվտանգ ու ապահով, որտեղ կձևավորվի որպես անձ և արժեքներ կրող»:

Արաքսիա Սվաջյանը նաև հորդորել է տնօրեններին բծախնդրորեն մոտենալ երեխաների անձնական տվյալների մասին տեղեկատվություն տարածելու հարցին: Խորհրդակցության ընթացքում տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարի տեղակալին, որոնք վերաբերել են ուսուցիչների ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, դասագրքերին և այլ խնդիրների: