Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բանկը հերքում է

Բանկը հերքում է
Հասարակություն
14:12, 23 апрель 2024
Ապրիլի 19-ին Civic.am-ը նյութ էր հրապարակել  այն մասին, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն  դատական հայցեր  է ներկայացրել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի, ինչպես նաև սոցիոլոգ Կարեն Սարգսյանի դեմ և դատարանին խնդրում է պարտավորեցնել հերքել «Արդշինբանկ»-ի վերաբերյալ արված՝ «իրականությանը չհամապատասխանող և վերջինիս գործարար համբավն արատավորող զրպարտչական արտահայտությունները և փոխհատուցում վճարել»։ 

Հիշյալ հրապարակման մեջ նշել էինք նաև, որ դատական հայց ներկայացրած բանկի 1.000056% բաժնետերը ՀՀ փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանն է։ «Արդշինբանկ»  ՓԲԸ-ն civic.am-ին հերքման պահանջ է ներկայացրել,  որում մասնավորապես նշված է՝ տեղեկությունն այն մասին, որ Մհեր Գրիգորյանը հանդիսանում է բանկի բաժնետեր, չի համապատասխանում իրականությանը։ Փոխվարչապետն իրեն պատկանող բաժնետոմսերը 2022 թվականին  օտարել է։  

«Հայտնում ենք, որ Մհեր Գրիգորյանը բանկի բաժնեհավաք կապիտալում 1.000056% չափով բաժնետոմսերի սեփականատեր է եղել սկսած 2014 թվականի  նոյեմբերի 1-ից, այնուհետև 2022 թվականի փետրվարի 8-ին ամբողջությամբ օտարել է իր բաժնետոմսերը, արդյունքում Մհեր Գրիգորյանը արդեն երկու տարուց ավելի է՝ չի հանդիսանում բանկի բաժնետեր։  Գործարքը ձևակերպվել և գրանցվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ Հայտնում ենք նաև, որ Մհեր Գրիգորյանի հետ փոխկապակցված որևէ անձ երբևէ չի հանդիսացել և չի հանդիսանում «Արդշինբանկ»  ՓԲԸ բաժնետեր։ Այսպիսով civic.am-ը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն»,-մասնավորապես ասված է հերքման պահանջում։