Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը պարտավորեցրել է Oragir.news կայքի խմբագիր Գևորգ Էմին-Տերյանին հերքել ԵՊՀ-ի մասին կեղծ տեղեկությունը և ֆինանսական փոխհատուցում կատարել

Դատարանը պարտավորեցրել է Oragir.news կայքի խմբագիր Գևորգ Էմին-Տերյանին հերքել ԵՊՀ-ի մասին կեղծ տեղեկությունը և ֆինանսական փոխհատուցում կատարել
Իրավունք
14:04, 27 март 2024
2022 թվականի հունվարի 24-ին Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում «ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել» վերնագրով գրառում է կատարել, որը վերահրապարակվել է «Արցախ լրատվական» և «Մամուլ էյէմ» լրատվական կայքերում:
«ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել. ԵՊՀ-ում հայտնվելու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը բազմիցս ցույց է տվել, որ թքած ունի Հայաստանի օրենսդրության վրա...»։ 

ԵՊՀ ներկայացուցիչ Էդգար Բադեմյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Գևորգ Էմին-Տերյանին հրապարակայնորեն հերքել իր գրածը, ինչպես նաև պատասխանող Գևորգ Էմին-Տերյանից հօգուտ հայցվոր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար՝ որպես զրպարտանքի համար փոխհատուցում, ինչպես նաև 50.000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հայցվորի պնդմամբ՝ պատասխանող Գևորգ Էմին-Տերյանը իր գրառմամբ վկայակոչել է հայցվորին վերագրված որոշակի գործողություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ նաև արատավորում են վերջինիս պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը։

Պատասխանողի ներկայացուցչի գնահատմամբ՝   Էմին-Տերյանը, հանդիսանալով լրագրող, կատարել է իր մասնագիտական պարտականությունը՝ որպես լրագրող իր հնարավորությունների սահմաններում փորձել է ներկայացնել հնարավորինս ճշտված տվյալներ:

Ի վերջո՝ 2024 թվականի մարտի 5-ին դատարանը մասնակի բավարարել է հայցվոր կողմի՝ ԵՊՀ-ի հայցը, որոշելով՝ պարտավորեցնել պատասխանող Գևորգ Գրիգորի Էմին-Տերյանին իրեն պատկանող ֆեյսբուքյան էջի, «Արցախ լրատվական» և «Մամուլ էյէմ» լրատվական կայքերի միջոցով հերքել իր ֆեյսբուքյան էջում, «Արցախ լրատվական» և «Մամուլ էյէմ» լրատվական կայքերում 24.01.2022թ. հրապարակված՝ «ԵՊՀ-ն սկսել է հարկեր չվճարել» վերնագրով նյութում հայցվոր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները և ներկայացված հերքման տեքստը տեղադրել նույն՝ Գևորգ Գրիգորի Էմին-Տերյանին պատկանող ֆեյսբուքյան էջում, «Արցախ լրատվական» և «Մամուլ էյէմ» լրատվական կայքերում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում, «Հերքում» խորագրի ներքո։
Ինչպես նաև՝ պատասխանող Գևորգ Գրիգորի Էմին-Տերյանից հօգուտ հայցվոր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում:
 Հայցը՝ մնացած մասով, մերժել։
 
Վովա Հակոբյան