Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ 24 NEWS.am-ի և պահանջում է հերքել ԵՊՀ ռեկտորի վերաբերյալ զրպարտություն համարվող տեղեկություններն ու փոխհատուցում վճարել

ԵՊՀ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ 24 NEWS.am-ի և պահանջում է հերքել ԵՊՀ ռեկտորի վերաբերյալ զրպարտություն համարվող տեղեկություններն ու փոխհատուցում վճարել
Մշակույթ
11:35, 06 март 2024
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամը  դատական հայց է ներկայացրել ընդդեմ 24 NEWS.am  լրատվական կայքի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ մարտի 5-ին, մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սաղոյանին։ Հայցվորի ներկայացուցիչն է Էդգար Բադեմյանը։ 

Ներկայացրած հայցադիմումով հայցվորը պահանջում է  հիշյալ կայքի միջոցով  գրավոր նյութի հրապարակման և տեսանյութի ցուցադրման ձևով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող, այն է՝ «24 ՆՅՈՒԶ.էյէմ» (24 NEWS.am) լրատվական կայքում 05.02.2024թ.-ին հրապարակված «Փաշինյանը կոմպրոմատների թղթապանակ ունի ԵՊՀ ռեկտորի մասին, կոռուպցիոն սկանդալ է հասունանում. TOGARMA» վերնագրմամբ նյութի մեջ տեղ գտած՝ հետևյալ փաստացի տվյալները.  «Վերջերս համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձում է ստանալ ԵՊՀ գիտական խորհրդի աջակցությունը և խանգարել վերընտրվել իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին։ Ղազինյանի վերընտրման ճակատագիրը մեր գործը չէ, հետաքրքիր է այս հարցում Հովհաննիսյանի մոտիվացիան։ Բանն այն է, որ ԵՊՀ ռեկտորն անելանելիությունից ելնելով փնտրում է այս հարցում դասախոսական կազմի ու գիտական խորհրդի աջակցությունը և բացահայտ ասում է, թե այն իր անձնական հարցն է, ինչպես և գրված էր լրատվամիջոցներում։ Իսկ անձնական է մի պարզ պատճառով՝ հրամանը ստացվել է Արայիկ Հարությունյանից (կառավարության աշխատակազմի ղեկավար-խմբ.), այսինքն՝ անձամբ Փաշինյանից։ Հասկանալի է, որ Հովհաննիսյանը խորհրդարանի իշխանական խմբակցության նախկին անդամ է ու նրանց դրածոն, բայց դա բավարար պատճառ չէ վազել համալսարանով և աղաչել աջակցել այդ հարցում՝ խղճահարությամբ նշելով, որ դա իր անձնական հարցն է և դրանից է կախված իր ճակատագիրը։ Պատճառն, իհարկե, այլ է։

Բանն այն է, որ Հովհաննիսյանը, միամտորեն մտածելով, թե կոռուպցիոն սխեմաները հասարակական ու անվտանգ գործեր են, մանավանդ, երբ կիսվում ես իշխանության հետ, մի քիչ համը հանել է իր ախորժակի հարցում և կարծել է, թե եթե թույլատրել են, ուրեմն և հետևանքներ չի լինի։    Սկսենք այն կետից, որ կարճ ժամանակահատվածում ինքը կազմակերպել է ԵՊՀ անունից մեկ անձով բազմաթիվ գնումներ, ընդ որում, գնումներն այնքան շատ են, որ անգամ ամենաբութ քննիչի համար դրանք կոռուպցիոն կարմիր լույսեր են։ Բայց սրանք մանրուքներ են, այլ ոչ թե, ինչպես ասում են, հաց և կարագ։ Ավելի լուրջ պատմություն է շինարարությունը, որն ընթանում է Դիլիջանի՝ համալսարանին պատկանող հողերի վրա։  Եթե կարճ, ԵՊՀ-ն մրցույթ է անցկացրել՝ կառուցելու Դիլիջանի համալսարանական հողի վրա 10 քոթեջներ, մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ, այն հաղթել է ընկերություն 1.5 մլրդ դրամի առաջարկով, իսկ դա նշանակում է 150 մլն դրամ կամ 370 հազար դոլար յուրաքանչյուր քոթեջի համար։ Նշենք, որ դրանք ուղղակի քոթեջներ են՝ առանց ներքին հարդարանքի։ Բայց դա, ինչպես ասում են, ծաղիկներ են դեռ, հետաքրքիրն այն է, որ ըստ մեր տեղեկության՝ բոլոր երեք ընկերությունները դե ֆակտո պատկանել են մի մարդու և, ի վերջո, կոռուպցիոն սխեմաներով կապված են ռեկտորի հետ։ Փաստացի, ամբողջ մրցույթը ձևական է եղել մի ընկերության հաղթանակի համար։ Ահա այստեղ է հենց ռեկտորի «անձնական հարցը», թղթապանակի դեմ կռիվ չես տա, եթե երեկ դու սարքում էիր սխեմաներ, այսօր արդեն պետք է կատարես քաղաքական պատվերներ, եթե չես ուզում կալանք ու խուզարկություններ»:  

Հայցվորը, հերքման պահանջից բացի, պահանջում է նաև  պատասխանող «24 ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունից և «24 ՆՅՈՒԶ.էյէմ» (24 NEWS.am) լրատվական կայքից հօգուտ հայցվոր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար՝ որպես զրպարտանքի համար փոխհատուցում:  Պատասխանող «24 ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունից և «24 ՆՅՈՒԶ.էյէմ» (24 NEWS.am) լրատվական կայքից հօգուտ հայցվոր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի բռնագանձել 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար: 

Նշենք, որ հիշյալ կայքը հրապարակումը զետեղել էր վիդեոլուրի տեսքով՝  հղում անելով տելեգրամյան ռուսալեզու  TOGARMA ալիքին, և ներկայացրել «տեղեկության թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով»։ 
  
Հ. Մ.