Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը վարույթ է ընդունել «Քաղաքացիական պայմանագիր»-ն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցադիմումը․ ՔՊ-ն պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և փոխհատուցում վճարել

Դատարանը վարույթ է ընդունել «Քաղաքացիական պայմանագիր»-ն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցադիմումը․ ՔՊ-ն պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և փոխհատուցում վճարել
Իրավունք
14:58, 06 сентябрь 2023
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին։  Հայցադիմումը վարույթ ընդունվել օգոստոսի 25-ին։ Civic.am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ ՔՊ-ն հայցում է․

Պարտավորեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը հրապարակայնորեն հերքել պատասխանողի պաշտոնական «www.uic.am» կայքում 21.07.2023թ. հրապարակված հոդվածի զրպարտություն համարվող տվյալները՝  տեղադրել հայտարարություն պատասխանողի՝ «www.uic.am» կայքում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ ««Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», իսկ բովան-դակությունը շարադրել այսպես. ««www.uic.am» կայքում 21.07.2023թ. հրապարակվել է լրատվական հոդված այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օգտագործում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրությունների համար ձայներ հավաքելու մեջ: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 

Հայցվորը նաեւ պահանջում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունից հօգուտ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես «www.uic.am» կայքում 21.07.2023թ. հապարակված հոդվածով զրպարտության համար նախատեսված փոխհատուցում: Ինչպես նաեւ՝ 480.000 ՀՀ դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրության և 50.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարի գանձում հայցվորից (դատական ծախսի պահանջ): 

Դատարանն արձանագրել է, որ բացակայում են հայցադիմումը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերը, որպիսի պարագայում հայցադիմումը ենթակա է վարույթ ընդունման:  Հայցադիմումը  կքննվի ընդհանուր վարույթի կարգով։ 

Նշենք նաեւ, որ  դատարանը բավարարել է նաեւ պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու միջնորդությունը, 25.08.2023թ. կայացրել է որոշում ապացույցի ապահովման վերաբերյալ: