Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով վաղը դատական նիստ է նշանակված

ՔՊ-ն ընդդեմ  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով վաղը դատական նիստ է նշանակված
Իրավունք
19:50, 05 февраль 2024
Վաղը՝ փետրվարի 6-ին, ժամը 10։00-ին,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի քաղաքացիական գործով  նախնական դատական նիստն է։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից։ Դատարանը այս մասին որոշումը 2023թ. հոկտեմբերի 2-ին կայացած նիստում է կայացրել։ 

Հիշեցնենք, որ ՔՊ-ն  նախորդ տարի քաղհայց էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը հրապարակայնորեն հերքել իր պաշտոնական «www.uic.am» կայքում 21.07.2023թ. հրապարակված հոդվածի զրպարտություն համարվող տվյալները։ 

Հիշյալ կայքում, նկատենք, Երևանի ՏԻՄ ընտրություններից առաջ   հրապարակված հոդվածում ասվում էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օգտագործում է այլ համայնքների վարչական ռեսուրսը Երևանի ընտրությունների համար ձայներ հավաքելու մեջ: Հայցվորը պահանջում է պատասխանողից հօգուտ իրեն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև 480.000 ՀՀ դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրության, և 50.000 ՀՀ դրամ՝ նախապես վճարված պետական տուրքի գումարի գանձում հայցվորից (դատական ծախսի պահանջ):