Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիրն» ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի գործով դատարանը նախնական դատական նիստ է նշանակել

«Քաղաքացիական պայմանագիրն» ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի գործով դատարանը նախնական դատական նիստ է նշանակել
Իրավունք
18:24, 05 октябрь 2023
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հոկտեմբերի 2-ին  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության գործով նախնական դատական նիստ է նշանակել 2024 թվականի փետրվարի 6-ին, ժամը 10։00-ին։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ datalex.am տեղեկատվական կայքից։ 

Հիշեցնենք, որ ՔՊ-ն քաղհայց էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել պատասխանողի պաշտոնական «www.uic.am» կայքում 21.07.2023թ. հրապարակված հոդվածի զրպարտություն համարվող տվյալները։ Սույն կայքում հրապարակվել է լրատվական հոդված այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օգտագործում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրությունների համար ձայներ հավաքելու մեջ: Հայցվորը պահանջել է նաև 480.000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության և 50.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարի գանձում հայցվորից (դատական ծախսի պահանջ):

Դատարանը 2023 թվականի  օգոստոսի 25-ին կայացրել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:

Հայցվորը հայցադիմումով ներկայացրել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն:

Դատարանը 25.08.2023թ. կայացրել է որոշում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու Հայցվորի միջնորդությունը բավարարելու մասին, այն է՝ «հայցագնի՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությանը պատկանող գույքի վրա»:

Դատարան 07.09.2023թ. մուտքագրվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնի պետի գրությունը, կից ներկայացվել են կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին ավագ հարկադիր կատարողի 29.08.2023թ. որոշումը, կատարողական վարույթն ավարտելու մասին 05.09.2023թ. որոշումը:
Պատասխանողը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:

Նշենք, որ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից (հոկտեմբերի 2-ից) և ենթակա չէ բողոքարկման:
 
Հ. Մ.