Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է Yerevan today կայքին և դրա սեփականատեր «Մեդիա Պլյուս»-ին՝ հերքել ԵՊՀ ռեկտորի մասին զրպարտությունը և 564 հազար դրամ փոխհատուցում վճարել

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է Yerevan today կայքին և դրա սեփականատեր «Մեդիա Պլյուս»-ին՝ հերքել ԵՊՀ ռեկտորի մասին զրպարտությունը և 564 հազար դրամ փոխհատուցում վճարել
Իրավունք
18:30, 15 май 2023
Դեռևս 2021 թվականի օգոստոսի 21-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (այժմ ռեկտոր) Հովհաննես Հովհաննիսյանը  հայց էր ներկայացրել ընդդեմ «Երևան Թոդայ», «Պոլիտիկ Էյ Էմ» լրատվական կայքերի, «Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ի, «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին։ 

Որպես զրպարտություն՝ հայցվորի կողմից վկայակոչվել են հետևյալ արտահայտությունները. «ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը գրագողությամբ կենսագրություն է կեղծել», «...Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության մեջ գրագողությունների վերաբերյալ...», «Հովհաննես Հովհաննիսյանը դոկտորական ատենախոսություն պաշտպանում է ակնհայտ օրինախախտումներով...», «...Հ. Հովհաննիսյանի դոկտորականի «փայլուն» պաշտպանության միայն բառացի, տառացի պլագյատները՝ գրագողությունները...», «...Գոգյանը մի բան գիտեր, դրա համար էլ հրաժարական ներկայացրեց, բայց տեսնելով, որ ահազանգ չկա, իր ընկեր Հովիկին ֆալշ թեզի դիմաց հունիսի 1-ին շնորհեց դոկտորի գիտական աստիճան...», «... ԵՊՀ ռեկտորի կառավարական թեկնածուն նախորդ տարի դոկտորական ատենախոսություն է պաշտպանել, որի մեջ կան գրագողություններ...», «...գիտական ատենախոսության պլագիատը...», «...Որքանով ակադեմիական գրագողության բացահայտումը կարգելափակի նրա ճանապարհը ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար...» արտահայտությունները:

 ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը մայիսի 11-ին գործով վճիռ է կայացրել. 

Պարտավորեցնել «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները՝ ներքոշարադրյալ լրատվամիջոցով՝ հետևյալ բովանդակությամբ և կարգով.

Yerevan.today լրատվական էլեկտրոնային կայքում հրապարակել հետևյալ տեքստը. «10.08.2021 թվականին հրապարակված՝ ««ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը գրագողությամբ կենսագրություն է կեղծել» վերտառությամբ հոդվածում և «Սկանդալ է հասունանում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի շուրջ» վերտառությամբ հոդվածում Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի վերաբերյալ հրապարակվել են զրպարտություն պարունակող արտահայտություններ՝ կենսագրությունը կեղծելու և դոկտորական ատենախոսության գրագողության մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը»:

Հերքումն իրականացնել «Հերքում» խորագրի ներքո, որն իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Լրատվական համապատասխան կայքում հերքումը հրապարակելու անհնարինության դեպքում հերքումն իրականացնել առնվազն 1000 տպաքանակ ունեցող լրատվության միջոցում կամ նման լրատվամիջոցի կայքում:

 «Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությունից հօգուտ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում:

Հովհաննես Հովհաննիսյանի հայցը՝ մնացած մասով, մերժել:

Թիվ ԵԴ/37855/02/21 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի ընդդեմ «Երևան Թոդայ» լրատվական կայքի և «Պոլիտիկ Էյ Էմ» լրատվական կայքի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին, կարճել՝ վեճը քաղաքացիական դատավարության կարգով դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

«Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությունից հօգուտ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի բռնագանձել 14.000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցի մասով պետական տուրքի նախապես վճարված գումար:

«Մեդիա Պլյուս» ՍՊ ընկերությունից հօգուտ Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Նշենք, որ Yerevan today-ի հիմնադիր «Մեդիա պլյուս» ընկերության 100 տոկոս սեփականատերը Վարդան Հովնանյանն է։