Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել alternativ.am և yerevan.today կայքերին

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել alternativ.am և yerevan.today կայքերին
Իրավունք
12:53, 25 январь 2023
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դատական հայց է ներկայացրել  «Այլընտրանք Մեդիա ՍՊԸ»-ի և «Մեդիա Պլյուս ՍՊԸ»-ի  դեմ։ Հայցադիմումը  դատարան է մուտքագրվել ս.թ. հունվարի 5-ին, վարույթ է ընդունվել հունվարի 16-ին։   

Պատգամավորի պահանջն է՝  հրապարակայնորեն ներողություն խնդրել, դատարանի վճիռը հրապարակել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել։ 

Civic.am-ը Խ. Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից պարզեց, որ հայցադիմումի հիմքում alternativ.am և yerevan.today լրատվական կայքերում  հրապարակված մի հոդված է՝ մի դեպքում «Թավշյա «ռեկետ»-ի «սև ամպերը»՝ Կիրովի գործարանի գլխավերևում. սեփական բանկում աճուրդի հանված գործարանի գնորդը Սուքիասյանների վարորդն է» վերտառությամբ, մյուս դեպքում  «Սուքիասյանների բանկում գրավադրված գործարանը գնում է Սուքիասյանների վարորդը» վերտառությամբ։ Նյութի սկզբնաղբյուրը alternativ.am-ն է, հրապարակումը՝ սույն կայքին հղումով, արտատպել է նաև yerevan.today-ը։

Աննա Մկրտչյանը սույն հոդվածում հրապարակված տեղեկությունները կեղծիք և ապատեղեկատվություն որակեց, Խաչատուր Սուքիասյանի դեմ տևական ժամանակ իրականացվող լրատվական արշավի դրսևորումներից մեկը։ 

Մկրտչյանը նշեց, որ Սուքիասյանին վերաբերող՝ կեղծիք, ապատեղեկատվություն պարունակող այլ հրապարակումներ ևս  վիճարկվել են դատական կարգով, դատարանը բավարարել է հայցապահանջները, և ապատեղեկատվություն տարածած  լրատվամիջոցները հերքումներով են հանդես եկել։