Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդդեմ Մանուել Մանուկյանի գործով դատարանը նախնական դատական նիստի օր է նշանակել. Մանուկյանը զրպարտել էր նախարարին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդդեմ Մանուել Մանուկյանի գործով դատարանը նախնական դատական նիստի օր է նշանակել. Մանուկյանը զրպարտել էր նախարարին
Իրավունք
13:14, 22 январь 2024
ՀՀ քաղաքացիական դատարանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդդեմ Մանուել Մանուկյանի քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակել ս.թ. ապրիլի 22-ին։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից, որտեղ, նկատենք, երկար ժամանակ նորություն չկար այս գործի ընթացքի մասին։ Նկատենք, որ քաղհայցը անցյալ տարի փետրվարին է դատարան ներկայացվել, մարտին էլ դատարանը վարույթ է ընդունել։  Այս ընթացքում մի քանի նախնական դատական նիստ է տեղի ունեցել, վերջինը՝   2023 թ. նոյեմբերին։ 

ՀՀ իշխանության հասցեին լուտանքներ տեղալու սիրահար Մանուել Մանուկյանի  («Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար) դեմ ներկայացված հայցապահանջն է՝  պարտավորեցնել  վերջինիս  իր՝  Սուրեն Պապիկյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և  հրապարակայնորեն ներողություն խնդրել։ 

Հիշեցնենք՝ 2023 թ. հունվարի 24-ին ֆեյսբուքյան իր էջում Մ. Մանուկյանը ինչ-որ առանձնատան լուսանկար էր տարածել՝  կից գրառմամբ. «Սուրեն Պապիկյանի դղյակը 2 տարում, իր հալալ քրտինքով, իր աշխատավարձով, պարգևավճարներով մարդը գնել է։ Ո՞վ կարա բան ասի: Լրիվ օրենքով է...»: Մանուկյանի սույն գրառումը տարածել էին մի շարք կայքեր, ֆեյսբուքյան օգտատերեր,  ՊՆ-ն էլ հերքել էր Պապիկյանի առնչությունը հիշյալ առանձնատանը։ Ավելին՝ Կադաստրի կոմիտեից ձեռք բերված կադաստրային գործից պարզվել էր, որ  պաշտպանության նախարարին  վերագրվող առանձնատունը և կից հողամասը Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան թաղամաս 57/17 և 57/9 հասցեներում են։ Առանձնատան սեփականատերը, ըստ փաստաթղթերի, ծնունդով Լիբանանից Կանադայի քաղաքացի Վաչե Պետրոսի Մինասյանն է։  

Հարկ է նշել, որ  հրապարակելով իր դեմ ներկայացված քաղհայցը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը՝ նախարարին զրպարտելու մեջ մեղադրվող Մանուկյանը սրտնեղած  գրառում էր արել՝ մասնավորապես նշելով. «Հերթական քաղաքական ճնշման փորձը, որը անարդյունք է լինելու»։