Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ դատարանը Տիգրան Ուրիխանյանից պահանջել է հերքել «1000+» հիմնադրամի ծախսերի մասին հայտարարությունները

Վերաքննիչ դատարանը Տիգրան Ուրիխանյանից պահանջել է հերքել «1000+» հիմնադրամի ծախսերի մասին հայտարարությունները
Քաղաքականություն
16:17, 27 июль 2021
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանին պարտավորեցրել է հերքել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման»՝ «1000+» հիմնադրամի կողմից գաղտնի ծախսեր կատարելու վերաբերյալ բոլոր պնդումները, հայտարարությունները և դատողությունները։ Ըստ դատարանի՝ հիմնադրամը «գաղտնի ծախսեր» չի կատարել։

2020 թվականի հունիսին «1000+» հիմնադրամը հայց էր ներկայացրել ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի, դատարանից խնդրելով պարտավորեցնել նախկին պատգամավորին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկություններն ու պարտավորեցնել փոխհատուցում վճարել 1000 դրամի չափով։

Ըստ հայցի՝ Ուրիխանյանը հրապարակայնորեն արել էր հետևյալ արտահայտությունները.

«Ու՞ր է արդեն մեկ միլիարդից ավելի կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերևացող գումարը»,

«ժողովրդին պատկանող անհետացած գումարների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնողի փոխարինումը»,

«Մեկ ու ինը միլիարդի, մեկ ու ինը միլիարդի հասնող պարտավորություններ չեն կատարվել»,

«Ինձ հիմնադրամից հանելը կապված էր մի հարցի հետ՝ «Ո՞ւր են փողերը»»,

«Հիմնադրամը, չասեմ՝ ապօրինի, բայց ապօրինության տարր ունեցող նիստ գումարեց նիստ ոչ հեռավար, այլ հեռակա»,

«Գլխավոր դատախազության գրության մեջ գրված է, որ գաղտնի ծախսեր են արվում, ի՞նչ գաղտնի ծախս, դատել ա պետք գաղտնի ծախս անողին»,

«Բա փողն ու՞ր է»:

Հայցվոր կողմը պնդում է, որ վերոնշյալ արտահայտությունները իրենց մեջ զրպարտություն են պարունակում։

Առաջին ատյանի դատարանը, թեև զրպարտության տարրեր տեսել էր այդ արտահայտությունների մեջ, սակայն մերժել էր հիմնադրամի հայցը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայցը բավարարել էր մասնակի՝ Ուրիխանյանին պարտավորեցնելով առնվազն 5,000 տպաքանակ և Հայաստանի ամբողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով հրապարակայնորեն կատարել հետևյալ հերքումը․

«Սույնով ես՝ Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանս, հերքում եմ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից գաղտնի ծախսեր կատարելու վերաբերյալ բոլոր պնդումները, հայտարարությունները և դատողությունները»։

Բացի այդ, դատարանի պահանջին համապատասխան, Ուրիխանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե կբռնագանձվի 4․000 և 10․000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար։