Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կնշանակվի առաջիկա շաբաթվա ընթացքում, թեկնածուների ցանկը կառավարությունում է. արդարադատության փոխնախարար

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կնշանակվի առաջիկա շաբաթվա ընթացքում, թեկնածուների ցանկը կառավարությունում է. արդարադատության փոխնախարար
Հասարակություն
12:35, 15 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կայացավ «ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով համաժողովը։ 

Համաժողովի ժամանակ արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանների ձևավորման հարցին. «Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթն ԱԺ-ի կողմից ընդունվել է այս գարնանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով արդեն իսկ ընտրվել և կառավարություն են ներկայացվել կոմիտեի նախագահի թեկնածուները։ Մեր գնահատմամբ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում նախագահը կնշանակվի,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ նախագահի նշանակմամբ սկսվելու է կոմիտեի ձևավորման գործընթացը:- Այնուհետև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից 1-ամսյա ժամկետում ընդունվելու են մի շարք առաջնային նշանակության որոշումներ, այդ թվում՝ կոմիտեի կառուցվածքը հաստատելու մասին որոշումը, ինչից հետո ՀՔԾ-ից 20 աշխատակիցներ ժամանակավոր զբաղեցնելու են ինքնավար թափուր պաշտոններ Հակակոռուպցիոն կոմիտեում»։ 

Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատանքի են ընդունվելու մրցութային կարգով. «Մրցույթն անցկացնելու անհրաժեշտ պայմանների նախատեսումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնելու ցանկություն ունեցող բոլոր անձինք, այդ թվում՝ ՀՔԾ քննիչները, պետք է անցնեն մրցույթ և միայն դրանից հետո նշանակվեն պաշտոնի»։ 

Նա հավելեց, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման ուղությամբ։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանը՝ փոխնախարարը նշեց, որ օրենսդրական փաթեթը, որն ընդունվել է գարնանը, գտնվում է ՍԴ-ում. «Ակնկալում ենք, որ ՍԴ-ն հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կհրապարակի հոկտեմբերի երկրորդ 10-օրյակում։ Այս փաթեթը ներառում է կարգավորում, որի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվելու է գլխավոր դատախազության առանձին ստորաբաժանման կողմից։ Նշված ստորաբաժանման դատախազների համար նախատեսվել է բարեվարքության ստուգման կառուցակարգ, բացի դրանից՝ օրենքով նախատեսվել են դատախազների, գլխավոր դատախազի և նրա տեղակալների թեկնածուների բարեվարքության ստուգմանն ուղղված կառուցակարգեր»։  

Սուրեն Գրիգորյանը, խոսելով կոռուպցիայի դեմ ուղղված քայլերից, մեջբերեց հայտարարագրման համակարգի բարելավման գործընթացը, որի արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը. «Ներդրվել է ծախսերը, անձի կողմից փաստացի տիրապետող գույքը հայտարարագրելու պահանջ։ Ներդրվել է նաև հայտարարատուի անունից՝ օգտին կամ հաշվին ձեռք բերված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև այն գույքի հայտարարագրման պահանջ, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն։ Նվազեցվել է նաև թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 մլն դրամի փոխարեն սահմանվել է 4 մլն դրամ»։  

Փոխնախարարն անդրադարձավ նաև իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունված օրենսդրական փաթեթին և ընդգծեց, որ ստեղծվել է բաց ռեեստր՝ ՀՀ-ում գործող բոլոր իրավաբանական անձանց համար. «Մետաղական, հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտի կազմակերպություններն արդեն ներկայացնում են հայտարարագրեր, իսկ հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում գործունեություն իրականացնող և տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց համար հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը 2021թ. սեպտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ է»։