Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհված ազատամարտիկների մի շարք ընտանիքներ աջակցություն են ստացել

Զոհված ազատամարտիկների մի շարք ընտանիքներ աջակցություն են ստացել
Հասարակություն
13:41, 24 сентябрь 2021
Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Ուսինսկ քաղաքի «Նաիրի» հայկական համայնքի ներկայացուցիչ Գարիկ Եսայանը դրամական աջակցություն է ցուցաբերել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների 15 ընտանիքների:

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը շնորհակալություն է հայտնել բարերար Գարիկ Եսայանին և «Նաիրի» համայնքին արցախահայության կողքին գտնվելու համար:

«Մեր միությունը պարբերաբար հետաքրքրվում է 44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներով. ունենք 450-ից ավելի այդպիսի ընտանիքներ: Իմանալով պարոն Եսայանի նախաձեռնության մասին՝ ներկայացրել ենք ամենակարիքավոր ընտանիքների ցանկը։ Ընտրվել են 15֊ը: Այս տեսակ աջակցությունները խոսում են այն մասին, որ սփյուռքահայերն ապրում են մեր ցավով և պատրաստակամ են ցուցաբերել իրենց աջակցությունը:

Հույս ունենանք, որ կրկին կլինեն բարերաներ, ովքեր կշարունակեն իրենց աջակցությունը տրամադրել տուժած և կարիքավոր ընտանիքներին»,- «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Ասրյանը:

Բարերար Գարիկ Եսայանի խոսքով՝ նմանատիպ աջակցությունները արցախցիներին պետք է շարունակական լինեն, որպեսզի նրանք զգան, որ դրսում ապրող հայերի կողմից ուշադրության պակաս չկա: ««Նաիրի» համայնքը որոշել էր օգնություն տրամադրել Արցախյան 3-րդ պատերազմում քաջաբար ընկած մեր տղաների ընտանիքներին, և որոշվեց, որ այդ աջակցությունը պետք է լինի դրամական: Սա մեր հայրենիքն է, և մենք չենք կարող տեսնել, թե ինչպես են զոհվածների ընտանիքները ապրում կարիքի մեջ»,- ասել է Գ. Եսայանը՝ սփյուռքում ապրող հայերին կոչ անելով հնարավորության դեպքում կանգնել արցախյան պատերազմների զոհերի ընտանիքների կողքին:

Միջոցառման վերջում «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահը շնորհակալագիր է հանձնել Գ. Եսայանին: