Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հին Երևան» ծրագրով ստեղծում են հայկական կոլորի՞տ, թե՞ հարկադրաբար փոխում սեփականատերերին. տարածքի բնակիչները դեմ են գերակա շահին

«Հին Երևան» ծրագրով ստեղծում են հայկական կոլորի՞տ, թե՞ հարկադրաբար փոխում սեփականատերերին. տարածքի բնակիչները դեմ են գերակա շահին
Հասարակություն
17:59, 25 сентябрь 2021
Oրերս Civic.amանդրադարձել էր «Հին Երևան» ծրագրին, որն, ի դեպ, սկիզբ է առել 2005թ.-ից և մինչ օրս չի իրականացվել: Ծրագրի նպատակը Երևանի կենտրոնի հին կոլորիտը պահպանելն է՝ արդեն իսկ ապամոնտաժված հուշարձան-շինությունները վերականգնելով՝ Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի, Արամի փողոցների սահմանափակված հատվածում: Ծրագրի գլխավոր ճարտարապետն ու համապատասխան կառուցողները մեզ հետ զրույցում ընդգծեցին, որ ծրագիրը կյանքի կոչելու համար պետք է բնակիչները համաձայնագիր կնքեն, ստանան փոխհատուցում և դուրս գան իրենց տներից, սակայն շուրջ 47 ընտանիք ընդդիմանում են. իրենց խոսքով՝ մեծ գումարներ են պահանջում:

Մենք այսօր այցելել էինք «Հին Երևան» ծրագրի իրականացման համար գերակա շահ ճանաչված տարածքի բնակիչներից մի քանիսին:
 
Արշակ Վարդանյանը, ով ապրում է Բուզանդ 34 հասցեում, նշեց, որ եթե տարիներ առաջ համաձայն էր իր տունը տրամադրելու որոշակի գումարի դիմաց և իրացման ծրագրով զբաղվող «Ի ԷՄ ՍԻ» կազմակերպությանն առաջարկել էր 1 քմ-ի դիմաց 3500 դոլար, ապա այսօր այդ գումարին էլ է դեմ. «Մոտ երեք տարի առաջ եկան մեր տուն այդ կազմակերպությունից ու 1 քմ տարածքի համար առաջարկում էին ութ հարյուր դոլար: Երբ ես ասացի մեր տան համար իմ նախընտրած գինը՝ չհամաձայնեցին: Ես էլ ութ հարյուր դոլարին չհամաձայնեցի, որովհետև մեր դիմացի նորակառույցների բնակարանների մեկ քմ-ն 3500 դոլար էր այդ ժամանակ: Դրանից հետո էլ չեն եկել: Մերը սեփական հող է, մեր տան վրա մենք կարող ենք հարկ ավելացնել՝ ի տարբերություն բնակելի շենքի: Ես 2015թ.-ից դիմումներ եմ ներկայացնում թաղապետարան, որ շինություն կառուցեմ այդտեղ՝ հյուրանոցային ռեստորանային կոմպլեքսով: «Հին Երևան»  նախագծի համաձայն՝ նախատեսվում էր երկհարկանի շենքեր կառուցել մեր տների փոխարեն,  ես էլ ասեցի՝ նախագծի համաձայն, երկու հարկ եք թույլատրում, թողեք մենք կառուցենք՝ ինչ տարբերություն, և ֆասադը կկառուցեմ այնպես, ինչպես դուք եք ուզում, բայց ասեցին՝ ոչ, դա գերակա շահ է: Իսկ գերակա շահ հասկացությունն այն է, որ օրինակ՝ օդանավակայան լինի: Իսկ իրենք սեփականատիրոջ փոփոխություն են կատարում զուտ իրենց բիզնեսի համար: Մի սեփականատիրոջից վերցնում են, տալիս են մյուս սեփականատիրոջը, որ նա շահույթ ստանա՝ մեզ զրկելով  մեր շահույթ ստանալուց: Ես հիմա երեք հազար հինգ հարյուր դոլարով էլ պատրաստ չեմ տալ իմ տունը, քանի որ ես կարող եմ սարքել և բիզնես անել: Իմ հայրն էլ է այստեղ ծնվել, ես էլ եմ այստեղ ծնվել-մեծացել, ինչի համար ես պետք է թողնեմ իմ հողն ու զիջեմ ուրիշին»:   

Բուզանդ 34 հասցեում գտնվող տան սեփականատերը Բագրատ Վարդանյանն է, նրա թոռնիկը՝ 90-ականներին ծնված Բագրատ Վարդանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ  երբ փոքր էր, իր աչքով է տեսել, թե ոնց են Հյուսիսային պողոտայի կառուցման համար կարմիր բերետավորներն ու ԴԱՀԿ-ի ծառայողները բռնի ուժով վտարում Բուզանդ փողոցի մի հատվածի բնակիչներին. «Միշտ իմ մեջ վախ է եղել, որ մի օր էլ հասնելու են մեր տուն: Մեր փողոցի մեծ մասը, որոնք տուժել էին այդ գերակա շահ ասվածից, կանգնեցին հեղափոխության կողքին և ակնկալում էին, որ հեղափոխությունից հետո արդար լուծում կգտնվի: Սակայն մարդկանց մեջ հիասթափությունը դեռ կա, քանի որ խնդիրը  չի լուծվել, բայց հուսով ենք՝ ի շահ բնակիչների կլուծվի հարցը: Հիմա մենք վախենալով ենք նույնիսկ կոսմետիկ վերանորոգում անում, որովհետև ցանկացած պահի կարող է գան ու ասեն՝ դուրս եկեք տանից»:   
Բուզանդի 34/3 բնակարանի բնակչուհի Քնարիկն էլ պատմեց, որ արդեն 51 տարի է՝ հարս է այդ տանը, ասում է՝ քանի տարի հարս եմ, այդքան տարի ասում են՝ քանդելու ենք տունը. «Տան տանիքը փտել էր, թափում էր, թույլ չէին տալիս վերանորոգել: Ոչ երկրորդ հարկ են թույլ տալիս կառուցենք, ոչ էլ տանիքն էին թողնում վերանորոգենք: Ես իմ սեփական տան տանիքը սարքելու համար քաղաքապետարանից, թաղապետարանից թույլտվություն եմ վերցրել, չէին թողնում փոփոխություն անել: Եկել են տեսել, որ իսկապես տունը քանդվում է, նոր թույլատրեցին մասնակի վերանորոգել տանիքը: Բնական գազն էլ են հանել այստեղից, հիմա կալոնկա եմ օգտագործում: Իմ տունը մոտ 100 քմ է, թող դիմացի նորակառույց շենքում իմ տան քառակուսու չափ տուն տան՝ կգնամ»:
 
Եզնիկ Կողբացի 22 հասցեում երկհարկանի սեփական տանը բնակվող Խանամիրյանների ընտանիքը ևս համաձայն չէ իրենց տնից հրաժարվել և տեղափոխվել այլ տուն: Իսկ նույն հասցեում հենց Խանամիրյանների տան կողքին ապրել են Մնացականյանները, որոնց տունն արդեն երկար տարիներ է, ինչ Հայաստանում Իտալիսյի պատվավոր հյուպատոս Անտոնինո Մոնտալտոն հյուրատուն է դարձրել՝ պահպանելով հին հայկական կոլորիտը: Հյուրատան՝  «Վիլլա Դելենդա»-ի սենյակները ոչ թե համարակալված են, այլ կրում են Արևմտյան Հայաստանի քաղաքների անունները՝ Վան,  Սուրմալու, Տիգրիս, Ղարս, Մալաթիա, Դվին և այլն, իսկ հյուրատան միջանցքում էլ տեղադրված է հայերեն այբուբենը՝ Մեսրոպ Մաշտոցի նկարով: 
 
Հյուրատան աշխատակիցը մեզ հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ երբ եկել են քանդելու Մնացականյանների տունը, որն այժմ հյուրատուն է, Անտոնինո Մոնտալտոն պառկել է բուլդոզերի դիմաց՝ կանխելով հուշարձան-շինության ավերումը:

Բուզանդ 34 հասցեի բնակիչ Արշակ Վարդանյանը, մեջբերելով հյուպատոս Անտոնինո Մոնտալտոյի ստեղծածը, ընդգծեց՝ իտալացին ավելի շատ հայ է, քան Հայաստանում ապրող շատ հայեր:

Նարա Մարտիրոսյան