Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը

Քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը
Հասարակություն
19:27, 14 октябрь 2021
ՍՀՆ ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել եռօրյա աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Աշխատաժողովը կազմակերպվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, նախարարության պաշտոնատար անձինք:

Կարևորելով օրենսդիր և գործադիր մարմինների արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ընդգծել է, որ համատեղ իրականացված օրենսդրական փոփոխությունները իրապես կնպաստեն գործատու-աշխատող իրավահարաբերությունների դինամիկ զարգացմանը. «Մեր գործընկերների կողմից արդեն իսկ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները ևս մեկ անգամ քննարկելով՝ ակնկալում ենք մինչև տարեվերջ ունենալ այնպիսի փաստաթուղթ, որը կպաշտպանի ոչ միայն գործատուի և աշխատողի իրավունքները, այլև նոր կարգավորումների միջոցով կբարելավվի աշխատանքային հարաբերություններն ամրագրող օրենսդրական դաշտը»:


Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մանրամասնել է նախագծում իրականացված բովանդակային և խմբագրական փոփոխությունները՝ աշխատանքային հարաբերություններում և իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների վերաբերյալ:

Նա ներկայացրել է աշխատողների, գործատուների, կանանց և երեխաների, կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների, արհմիությունների գործունեության, սոցիալական գործընկերության ամրապնդման հետ կապված նոր կարգավորումները:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս ընդգծել է նմանօրինակ հանդիպումների արդյունավետությունը, որոնք ևս կբարելավեն աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման մեխանիզմները:


Քննարկվող նախագիծն ուղարկվել է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ԱՄԿ)՝ ստանալով շուրջ 25 առաջարկ, որոնք հիմնականում վերաբերել են սոցիալական գործընկերությանը: Մասնակիցներն ամբողջությամբ վերանայել են Աշխատանքային օրենսգրքի բոլոր դրույթները, տեղում ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Հանդիպման ընթացքում նախարարության կողմից ներկայացվել է նաև Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում մշակված ևս մեկ փոփոխության նախագիծ, որը պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված արտակարգ իրավիճակով և ուղղված է աշխատողների առողջ ու անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը: