Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կյանքի և առողջության համար». Ժաննա Ալեքսանյան

«Պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կյանքի և առողջության համար». Ժաննա Ալեքսանյան
Հասարակություն
14:51, 18 ноябрь 2021
Ես կարծում եմ՝ վարչապետը շատ բան ուներ պատասխանելու հանրությանը և ասելու, թե ի՞նչ էր կատարվել այդ դիրքերում, ի՞նչ էր տեղի ունեցել, ինչո՞ւ են ադրբեջանցիները հարձակվել, բայց դրա փոխարեն նա սկսեց խոսել գերիների քննության մասին: Այս մասին այսօր՝ «Մեդիա Կենտրոն»-ում, «Ինչու՞ են գերեվարվում մեր զինվորները. կատարո՞ւմ է պետությունն իր պարտավորությունները զինվորների նկատմամբ» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց բանախոս, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Ադրբեջանում խոշտանգում, սպանում են մեր գերիներին, ու, փաստորեն, նրանք դեռ պետք է գան ու այստեղ պատասխանատվության կանչվեն: Մենք այցելել ենք մոտ 150 ընտանիքների՝ զոհվածների, գերիների, վիրավորների, և տարբեր պատմություններ ենք լսում, թե ինչ է կատարվել պատերազմում, ինչպես են հայտնվել գերության մեջ»,- ասաց նա:

Տիկին Ալեքսանյանը պատմեց, որ Մեծամոր քաղաքից պայմանագրային ծառայող Արմեն Ստեփանյանը գերության մեջ է հայտնվել հենց առաջին օրը, քանի որ նրանց սխալ ճանապարհով են տարել, և մոլորվել են ու հայտնվել գերության մեջ:

«Նա 8 ամիս եղել է գերության մեջ: Ի՞նչ է արել պետությունը, երբ նա գերության մեջ էր: Ուղղակի 72 ժամ հետո կտրել է նրա աշխատավարձը, և ընտանիքը՝ 3 մանկահասակ երեխաներն ու ծնողները, հայտնվել են անպաշտպան վիճակում:  8 ամիս մարդը, որ ենթարկվել է խոշտանգումների, բռնությունների և նսեմացումների, եկել ու հայտնաբերել է ընտանիքն այս վիճակում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ նա նաև խոսել է զորամասի հրամանատարի հետ, որտեղ  Ստեփանյանը ծառայում էր, ով ասել է, որ դա ՊՆ-ի հրամանն էր. «Ինձ ինչ ասել են, ես դա եմ արել»:

«Սա՞ է վերաբերմունքը գերիների նկատմամբ: Ուզում եմ վարչապետին հիշեցնել, որ ամեն զինվորի համար պատասխանատու է անձամբ ինքը: Պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կյանքի և առողջության համար»,- ասաց Ստեփանյանը:

Նա մեջբերեց պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին՝ նշելով, որ մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. «Հադրութը գրավված էր, և 73 զինվորի այնտեղ գնդակահարել, սպանել են: Ո՞վ է պատասխանատվություն կրել: Այդ մարդիկ բազմիցս հանդիպել են վարչապետի հետ, և պատասխանատվություն մինչ օրս չեն կրել»:

Իրավապաշտպանը ներկայացրեց ևս մեկ օրինակ գերեվարվածների կամ զոհվածների ընտանիքների վկայություններից. «Մենք ի՞նչ  ենք լսում այդ ընտանիքներից: Մի ծնող մեզ պատմել է, և տեսանյութը ունի, թե ինչպես են 44 զինվորների տարել, թողել Շուշիի ճանապարհի վրա, և թե ինչպես է իր տղան զանգել ասել. «Պապա, զանգել եմ, որ աղոթես ինձ համար, ես մեռնում եմ»:  Պատկերացնո՞ւմ եք, ոչ մի օգնություն: Ի՞նչ են արել հրամանատարները՝ լքել են զինվորներին: Բազմաթիվ են այդպիսի դեպքերը: Ինչպե՞ս են հայտնվել գերության մեջ, ի՞նչ քննության մասին կարող է խոսք լինել»: