Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հարցերի պատասխանները պետք է պահանջել ոչ թե գերեվարվածներից, այլ զինվորական հրամանատարությունից». Արթուր Սաքունց

«Հարցերի պատասխանները պետք է պահանջել ոչ թե գերեվարվածներից, այլ զինվորական հրամանատարությունից». Արթուր Սաքունց
Հասարակություն
16:54, 18 ноябрь 2021
Վարչապետի հայտարարությունը կամ դիրքորոշումը, որը ներկայացվել է ԱԺ-ում, աննախադեպ էր անպատասխանատվության առումով: «Մեդիա կենտրոն»-ում «Ինչո՞ւ են գերեվարվում մեր զինվորները. կատարո՞ւմ է պետությունն իր պարտավորությունները զինվորների հանդեպ» թեմայով քննարկման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Սա պատասխանատվությունը, մեղքը զինվորների վրա գցելու ակնհայտ դրսևորում է: Սա նաև պատասխանատվությունից խուսափելու վարքագիծ է»,- նշեց նա:

Ըստ Սաքունցի՝ դրանք այն խոսքերը չեն, որոնք պետք է հնչեն ամենաբարձր մակարդակում՝ այն մարդկանց հանդեպ, որոնք գտնվում են այնպիսի իրավիճակում (գերության մեջ գտնվող մարդկանց-խմբ.), երբ ամեն վայրկյան նրանց կյանքը, ֆիզիկական անձեռնմխելիությունը ոտնահարվում են. «Դա այն մոտեցումը չէ, որը պետք է ստանան գերության մեջ գտնվողների հարազատները, որոնք որևէ տեղեկություն այս պահին չունեն, թե որտեղ են գտնվում իրենց հարազատները, ինչ պայմաններում»:

Սաքունցի խոսքով՝ երբ խոսքը հանգամանքների մասին է, ապա այդ հանգամանքներում թիվ մեկ պատասխանատուն պետությունն է, ոչ թե զինվորը, որը հանձնվել է կամ գերեվարվել: 

«Ընդհանրապտես պատերազմական գործողությունների հետ կապված նման մոտեցումը առնվազն անտեղյակություն է: Նման մոտեցումը նաև անմարդկային վերաբերմունք է: ՀՀ-ն իր քաղաքացիների իրավունքների շահերի պաշտպանության համար ունի պատասխանատվություն, անկախ նրանից՝ այդ քաղաքացին գտնվում է ՀՀ-ում, թե ՀՀ-ից դուրս՝ աշխարհի ցանկացած տարածքում, և անկախ նրանից, թե նա ինչ կարգավիճակում է»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ սա անմարդակային վերաբերմունք է ոչ միայն գերեվարության մեջ գտնվողների, այլև նրանց հարազատների հանդեպ. «Դուք պատկերացնո՞ւմ եք հարազատների վիճակը»:

Պարոն Սաքունցն անհասկանալի է համարում գերի չհանձնվողներին հերոսացնելու միտումը. «Մի քանի ամիս առաջ վարչապետը բառացիորեն հայտարարեց, որ մեր բոլոր գերիները հերոսներ են և մի երկու ամիս էլ կդիմանան: Հիմա այդ ի՞նչ փոխվեց: Այն ժամանակ չկար, չէ՞, այդ կամովին կամ ոչ կամովին հանձնվելու հանգամանքը»:

Նա նշեց, որ այս ամենի համար հարցերի պատասխաններ պետք է պահանջել ոչ թե գերեվարվածներից, անհետ կորածերից, այլ զինվորական հրամանատարությունից. «Պետք է կանչել և ուսադիրները պոկել: Տարրական ապրումակցումը պետական մակարդակով երբ չկա՝  պատասխանատվության հիմքում, սա ձեռքերը լվանալու միտում ունի և հուսահատեցնում է»:

Սյուզի Սիրականյան