Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորները զոհված Տարոն Սահակյանի վերաբերյալ կեղծ լուրը տարածում են․ նրա եղբոր և ՊՆ-ի հերքումները՝ ոչ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները զոհված Տարոն Սահակյանի վերաբերյալ կեղծ լուրը տարածում են․ նրա եղբոր և ՊՆ-ի հերքումները՝ ոչ
Հասարակություն
19:00, 18 ноябрь 2021
«Փաստինֆո» լրատվական կայքը այսօր տեղեկություն է տարածել, թե Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխված ՀՀ ԶՈՒ զինծառայող Տարոն Սահակյանը նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի ժամանակ թշնամու զինծառայողներ է գերեվարել, ապա հրաման է ստացել ազատ արձակել, և, իբր, թշնամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գերեվարվել։

Այս լուրը պաշտոնապես հերքել է ՊՆ-ն՝ նշելով, որ ադրբեջանական զինվորների գերեվարման, ապա նրանց հանձնելու դեպք տեղի չի ունեցել։ «Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ»,- ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ:

Շատ չանցած լուրը հերքել է նաև Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոման Սահակյանը։ «Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից»,- ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել է նա։


Եվ չնայած լուրը հերքվել է և՛ Տարոն  Սահակյանի հարազատ եղբոր, և՛ ՊՆ-ի կողմից, այն համացանցում ակտիվորեն տարածվում է հատկապես ընդդիմադիրների կողմից։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը և Արթուր Ղազինյանը լուրը տեղադրել են իրենց ֆեյսբուքյան էջերում։

Արթուր Ղազինյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ հեռացրել է գրառումը իր ֆեյսբուքյան էջից. «Տեսա եղբոր գրառումը, հանել եմ արդեն, շատ-շատ ավելի հաճելի կլինի, որ դա սխալ լինի, այդ նյութը դրված է «Փաստինֆո»-ում, ինձ համար այն վստահելի աղբյուր է»։ 

Մեր հարցին՝ Պաշտպանության նախարարության հերքումը կամ Տարոն Սահակյանի եղբոր հայտարարությունը չե՞ք պատրաստվում տեղադրել Ձեր ֆեյսբուքյան էջում, Արթուր Ղազինյանը պատասխանեց․ «Եթե դա ես անձամբ հեղինակած լինեի՝ ես կգրեի, բայց հեղինակը ես չեմ եղել։ «Փաստինֆո»-ն է տվել նյութը։ Որևէ բան դնելու կարիք չկա»։

Նշենք, որ այս ապատեղեկատվությունը, որը հիմնված է Տարոն Սահակյանի ընտանիքին ճանաչող Կողբի նախկին համայնքապետի խոսքերի հիման վրա՝ իր ֆեյսբուքյան էջից չի հեռացրել ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ 

Տպավորություն է, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ամեն ինչ անում են խուճապ տարածելու համար, և առանց այդ էլ հոգեբանական ծանր վիճակում գտնվող գերիների հարազատներին գրգռում  են ու երկրում քաոսի իմիտացիա ստեղծում։

Գեղամ Ադյան