Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2013 թ-ին Սերժ Սարգսյանի ստորագրած պայմանագրով՝ ռուսական ռազմաբազան պատասխանատու է ՀՀ բոլոր սահմանների՝ այդ թվում Տավուշի համար

2013 թ-ին Սերժ Սարգսյանի ստորագրած պայմանագրով՝ ռուսական ռազմաբազան պատասխանատու է ՀՀ բոլոր սահմանների՝ այդ թվում Տավուշի համար
Հասարակություն
17:32, 09 март 2021
Հանրությանը խուճապի մեջ պահելու ընդդիմության որոշ ներկայացուցչների  մոլուցքը չի նվազում։ Տագնապ առաջացնող հրապարակումներն օր օրի մատուցվում են իբրև իրական խնդիր։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի «Ազատություն» կուսակցությունը «Հայրենիքի փրկության շարժման» կազմում է, գործող իշխանության դեմ ուղղված իր գրառումներով ողողում է համացանցը, որոնք կայծակնային արագությամբ հերքվում են պատկան կառույցների կողմից։

Բագրատյանի «Ազատություն» կուսակցության խորհրդի անդամ Նունե Ներսիսյանը հրապարակել էր Իջևան քաղաքի շուկան, որտեղ երևում են երկու-երեք ռուս զինծառայողներ։ «Սա Իջևանի շուկան է ու Իջևանի գունդը։ Ռուս խաղաղապահները Իջևանի շուկայում գնումներ են անում։ Հիմա սպասում եմ ՊՆ-ի ու Տավուշի մարզպետի հերքմանը»,-գրել է նա։ 

Ռազմական դրության պայմաններում երկրի ռազմավարական դաշնակցի զինծառայողներից մի քանիսին գաղտնի լուսանկարում են շուկայից առևտուր անելիս, տարածում, աղմուկ բարձրացնում և սպասում որևէ պետական կառույցի արձագանքի, ինչը տրամաբանական չէ։ 

Նշենք, որ ավելի վաղ Հրանտ Բագրատյանը գրառել էր թե՝ «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում», որը պատկան կառույցների կողմից հերքվել էր։ 

Անդրադառնալով ռուս զինվորների նկարներին, որոնք հրապարակել է Հրանտ Բագրատյանի կուսակցության խորհրդի անդամը՝ նախ ընդգծենք, որ լուսանկարներից բացարձակապես հասկանալի չէ՝ ռուս զինծառայողները խաղաղապահնե՞ր են, թե՞ Գյումրու ռազմակայանի ծառայողներ։ Ռուս զինծառայողները հագնում են նույն համազգեստը, պարզապես համազգեստի վրա կան տարբերանշաններ՝ օրինակ «խաղաղապահ ուժեր», իսկ Նունե Ներսիսյանի հարապարակած լուսանկարներում նման գրառում նկատելի չէ, բայց չգիտես ինչու՝ տիկինը վստահ է, որ Իջևանում հենց ռուս խաղաղապահներն են։ 

Ընդգծենք, որ տարիներ շարունակ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազան, որի գործունեության դաշտը միայն Գյումրիով չի սահմանափակվում, և աբսուրդ է կարծել, որ զինծառայողները Գյումրիից չպետք է դուրս գան։ Հայաստանում ծառայություն իրականացնող հազարավոր ռուս զինվորները ոչ միայն Գյումրիում են, այլև Սյունիքում, որոնք Հայաստանի զորամասերի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ են։

Ռուս խաղաղապահները, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանի անվտանգության բաղադրիչներից մեկն են, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը։ 

Գյումրիում կամ Արցախում ծառայություն իրականացնող ռուս զինվորները գնում են արձակուրդ, գործուղումների, և ընդհանրապես կարող են ազատ տեղաշարժվել երկրի տարածքով։

Ի դեպ՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ռուս զինծառայողների առթիվ հիշեցում է արել ֆեյսբուքում․ «Ովքեր տեղյակ չեն, տեղեկացնեմ. 2013թ. Սերժ Սարգսյանի օրոք ԱԺ կողմից վավերացվել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրին կից արձանագրությունը, որով 49 տարով երկարացվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու ժամկետը, ինչպես նաև ընդլայնվել է ռազմաբազայի պատասխանատվությունը, որի արդյունքում այն նախկին ԽՍՀՄ արտաքին' Թուրքիա, Իրան սահմանից բացի տարածվում է նաեւ Հայաստանի հյուսիսային ու արևելյան սահմանների վրա։ 

Այսինքն՝ ռազմաբազան Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանության համար պատասխանատու է։ Սա «ռուսական ռազմաբազայի զինվորականների» Տավուշ սահման այցելելու հիմքի մասին»։