Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օրական ցուցանիշներով՝ 20.000-ից ավելի պատվաստումներ են իրականացվում». Ավանեսյան

«Օրական ցուցանիշներով՝ 20.000-ից ավելի պատվաստումներ են իրականացվում». Ավանեսյան
Հասարակություն
14:59, 02 декабрь 2021
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ պատվաստման մասին հանրային ընկալման մեջ  շատ մեծ և շեշտակի դրական փոփոխություններ կան, ինչի մասին է խոսում նաև պատվաստման թվերի աճը. «Երբ քաղաքացին տեսնում է, որ իր աշխատակիցները, բարեկամները պատվաստվում են, և որևէ զավեշտալի փոփոխություններ նրանց հետ տեղի չեն ունենում, շատ ակտիվ կերպով դիմում են պատվաստման»։

Նրա խոսքով՝ աշխատանքային օրերին՝ օրական ցուցանիշներով, 20.000-ից ավելի պատվաստումներ են իրականացվում. «Ամեն ինչ անում ենք ցուցանիշները հընթացս բարելավելու համար»։

Լրագրողի հարցին, թե, ի տարբերություն ժամանցի վայրերի, որտեղ մուտքը հնարավոր է վերահսկել QR կոդերը ներկայացնելու պահանջի միջոցով, տրանսպորտում ինչպե՞ս պետք է վերահսկողություն սահմանել, նախարարը նշեց. «Ես կարծում եմ, որ սահմանափակող միջոցառումները աստիճանական կերպով պետք է իրականացնել այն ծառայությունների նկատմամբ, որոնք կենսական անհրաժեշտություն չեն ներկայացնում, և հընթացս խստացման տենդենցը կիրառել նաև այլ ծառայությունների վրա։ Ուստի մենք չենք կարող, օրինակ, համերգների նկատմամբ չունենալ սահմանափակող միջոցառում, բայց տրանսպորտից օգտվելու նկատմամբ ունենալ»։

Ավանեսյանի խոսքով՝ քանի որ պատվաստումների տեմպերն էլ ավելի են արագանում Հայաստանում, սահմանափակող միջոցառումները կնպաստեն, որ քաղաքացիները հակված լինեն պատվաստվելուն, բայց մյուս կողմից էլ՝ չեն վնասի տնտեսությանը։ 

Լրագրողի այն հարցին, որ տրանսպորտի հետ կապված չեն գործում  նույնիսկ հասարակ ստուգումները, նա նշեց, որ այդ հարցը առաջիկա միջգերատեսչական ժողովին բարձրացնելու է, և համաձայնեց, որ պետք է վերահսկողությունը ոստիկանության կողմից խստացնել։