Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելը շարունակում է մնալ աշխատակցի պարտավորությունը, դրան զուգահեռ՝ ԱՆ-ն չի կարող որոշել, թե ում հաշվին պետք է դա արվի». Վլադիմիր Վարդանյան

«ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելը շարունակում է մնալ աշխատակցի պարտավորությունը, դրան զուգահեռ՝ ԱՆ-ն չի կարող որոշել, թե ում հաշվին պետք է դա արվի». Վլադիմիր Վարդանյան
Հասարակություն
14:39, 24 декабрь 2021
Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։

ՍԴ-ն, ըստ էության, Սահմանադրությանը համապատասխանող է համարել օրենքը՝ բացառությամբ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցության։  

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը որոշման հրապարակումից հետո ֆեյսբուքյան իր էջում շտապեց գրառում կատարել՝ նշելով, որ «Բարձր դատարանը» ՊՇՌ հետազոտումների ծախսը «մեր հայրենակիցների վրա թողնելը հակասահմանադրական է ճանաչել»։

Թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ նաև արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ գրելով. «Սահմանադրական դատարանն, ըստ էության, ասել է միայն.
  • Առողջապահության նախարարը չի կարող ասել, թե ում հաշվին անձը պետք է իրականացնի ՊՇՌ թեստավորումը։ Կցանկանա իր հաշվին կիրականացնի, կցանկանա՝ իր ընկերոջ, մորաքրոջ, եղբոր և այլն։
Սահմանադրական դատարանը ՉԻ ԱՍԵԼ՝
  • որ ՊՇՌ թեստավորումը պետք է իրականացվի պետական բյուջեի կամ գործատուի, կամ որևէ այլ սուբյեկտի հաշվին,
  • որ առողջապահության նախարարի հրամանի որևէ այլ դրույթ հակասահմանադրական է:
ՀԵՏԵՎԱԲԱՐ ինչպես մինչև ՍԴ որոշումը, այնպես էլ դրանից հետո՝
  • պետք է կամ պատվաստվել, կամ
  • պարբերաբար թեստավորվել։
Մի տրվեք մանիպուլյացիաների»։

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարանը ՊՇՌ թեստ ներկայացնելու պարտավորությունը սահմանադրական է համարել և դրան որպես այլընտրանք է դիտարկել պատվաստումը, իսկ ՍԴ մտավախությունը զուտ տեխնիկական է։ Ըստ ՍԴ որոշման՝ առողջապահության նախարարությունը չի կարող իր լիազորությունների շրջանակներում որոշել, թե ում հաշվին պետք է իրականացվի թեստավորումը։ «Այն, որ պարտավորությունը շարունակում է մնալ, միանշանակ է։ Աշխատակիցը պետք է ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնի։ Թե ո՞ւմ հաշվին է դա իրականացնելու՝ իր անձնակա՞ն միջոցներով, բարեգործական կազմակերպությա՞ն հաշվին, գործատուի՞ հաշվին կամ որևէ մեկի հաշվին, ըստ ՍԴ-ի, հարց է, որը չպետք է կարգավորվի նախարարի հրամանով։ Այսինքն՝ պարտավորությունը պահպանվում է, այն շարունակում է մնալ աշխատակցի պարտավորությունը, դրա հետ զուգահեռ առողջապահության նախարարությունը չի կարող որոշել, թե ում հաշվին պետք է դա արվի»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյանը նշեց նաև, որ ամբողջական մեկնաբանություն հնարավոր է տալ միայն ամբողջական որոշման հրապարակումից հետո։ 

Վովա Հակոբյան