Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզի ղեկավարության կողմից նման ուշադրության երբևէ չէինք արժանացել․ Արագածոտնի բժիշկներն իրենց գնահատված են զգում

Մարզի ղեկավարության կողմից նման ուշադրության երբևէ չէինք արժանացել․ Արագածոտնի բժիշկներն իրենց գնահատված են զգում
Հասարակություն
13:09, 05 январь 2022
Արագածոտնի բուժհաստատությունների տնօրենները մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հետ տարեվերջյան   հանդիպումը խոստումնալից համագործակցության մեկնարկ են համարում․ այս մասին նրանք այսօր նշեցին մեզ հետ ճեպազրույցներում։

Ռազմիկ Պետրոսյանը խորհրդակցության ընթացքում երախտագիտություն  է  հայտնել բուժաշխատողներին՝ համավարակի պայմաններում կատարած ծավալուն աշխատանքի համար և անվերապահ աջակցելու պատրաստակամություն ցուցաբերել։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է Աշտարակի, Ծաղկահովիտի, Արտենիի, Ուջանի, Բյուրականի, Ապարանի բուժհաստատությունների տնօրենների հետ՝ արձանագրելով նոր տարում բուժաշխատողների աշխատանքային և մարզպետարանի հետ նորովի համագործակցելու տրամադրվածությունը։

«Տարին սկսել ենք մեծ եռանդով և որ ամենակարևորն է՝ մեզ գնահատված ենք զգում։ Ի դեմս Ռազմիկ Պետրոսյանի, մենք վստահ ենք, որ առողջապահության ոլորտի տարածքային խնդիրները կարող ենք քննարկել ու լուծել՝ ի շահ մարզի բնակչության։

Երբևէ նման ուշադրություն ու հոգածություն չենք զգացել, և անշուշտ, սա մոտիվացնող ու պարտավորեցնող է»,-ասաց Աշտարակի ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։

«Ողջ բուժանձնակազմի անունից գոհունակություն ենք հայտնում մարզի ղեկավարին՝ բաց քննարկումների հարթակ ստեղծելու, համագործակցության ձեռք մեկնելու և մեր աշխատանքը գնահատելու համար։ Ուրախ ենք, որ Ռազմիկ Պետրոսյանը հիմք է դնում մարզպետարանի և բուժհաստատությունների փոխգործակցության նոր մշակույթի»,-նշեց Ապարան ԲԿ տնօրեն Հայկ Շմավոնյանը։ 

Արտենիի առողջության կենտրոնի ղեկավար Վարուժան Հակոբյանը ևս արձանագրեց՝ մարզում առողջապահության ոլորտի և մարզի ղեկավարության համատեղ աշխատանքը ստանում է նոր որակ։

«Վերջերս մեր բուժկենտրոնի համար հրատապ դեղորայք ձեռք բերելու  անհրաժեշտություն կար և մենք վստահորեն  դիմել ենք մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին, խնդիրն արագ լուծում է ստացել։ Սա նշանակում է՝ մեր համայնքներում առողջապահական գործի կազմակերպման գործում այսուհետ մենք վստահելի հենարան ունենք»,-ասաց Վարուժան Հակոբյանը։

Բյուրականի բուժհաստատության տնօրեն Ռուզաննա Հարությունյանի խոսքով՝ բժիշկը պատասխանատվությամբ է կատարում իր հանրօգուտ աշխատանքը, բայց երբ իրեն գնահատված է զգում, այն էլ՝ մարզի ղեկավարի կողմից, իր գործը կատարում է առավել սիրով ու ոգևորությամբ։

Ուջանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Անահիտ Դատումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարզպետարանի վերահսկողությամբ, ճիշտ ուղղորդման ու աշխատանքի շնորհիվ  պատվաստված քաղաքացիների զգալի աճ է արձանագրվել։

«Մենք՝ բժիշկներս, հստակ արձանագրում ենք, որ մարզային իշխանության մոտեցում է փոխվել, Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարման պահից սկսած՝ մենք ունենք աջակցող, գնահատող ղեկավար։ Եթե նախկինում բժշկին միայն քննադատում էին թերացումների համար, այժմ օգնում են այդ թերացումները միասին վերացնել»։

Հիշեցնենք, որ տարեվերջին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն՝ վերլուծելով ու գնահատելով համավարակի պայմաններում Արագածոտնում իրավիճակն ու պատվաստումային գործընթացը։ Խորհրդակցությունն անցավ քննարկման ձևաչափով, մարզպետը լսեց ու արձանագրեց բժիշկների առաջադրած հարցերը՝ ծանոթանալով առկա խնդիրներին։