Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շենգավիթ» ԲԿ դիմած արնահոսող հղի կինը վճարելու համար ստիպված է եղել գիշերը փողոցում բանկոմատ փնտրել, քանի որ ԲԿ-ում քարտով վճարել հնարավոր չի եղել

«Շենգավիթ» ԲԿ դիմած արնահոսող հղի կինը վճարելու համար ստիպված է եղել գիշերը փողոցում բանկոմատ փնտրել, քանի որ ԲԿ-ում քարտով վճարել հնարավոր չի եղել
Հասարակություն
18:48, 10 январь 2022
Դեկտեմբերի 25-ին՝ շաբաթ օրը, գիշերը ժամը 24։00-ի սահմաններում, «Շենգավիթ» ԲԿ է դիմել մոտ 8 շաբաթական հղիության ընթացքում գտնվող կին՝ հղիության ընդհատման նախանշանների խնդրով։  Civic.am-ի հետ զրույցում կինը գանգատվեց, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում չկա հնարավորություն բանկային քարտերով վճարումներ կատարելու, և ինքը ստիպված է եղել գիշերը վատ վիճակով դուրս գալ փողոց՝ բանկոմատ գտնելու նպատակով։ 

«Քանի որ արդեն ունեի ցավեր ու թեթեւ արնահոսություն, իմ որոշմամբ եւ  ցանկությամբ սոնոգրաֆիկ հետազոտություն անցա, ասացին, որ օրեր առաջ պտղի մոտ սրտի աշխատանքը կանգ է առել։ Սոնոգրաֆիստն ասաց, որ եզրակացությունը կարող եմ վերցնել եւ ուղղորդում ստանալ միայն վճարման կտրոնն իրեն տալուց հետո։ Ինձ մոտ եղած կանխիկ գումարը չբավարարեց՝ առաջարկեցի քարտով վճարել, սակայն հիվանդանոցում անկանխիկ՝ քարտով վճարելու հնարավորություն չկար և ոչ էլ բանկոմատ։ Ինձ ասացին, որ մոտակա բանկոմատը հաջորդ խաչմերուկում է, պետք է հասնեմ այնտեղ, ուրիշ տարբերակ չկա։ Ես վատ վիճակում էի, ցավեր ունեի, գիշեր էր, դուրս եկա հիվանդանոցից գումար կանխիկացնելու, երբ հետ եկա և վճարեցի սոնոգրաֆիայի համար ու վերցրի եզրակացությունը, կարծում էի՝ հերթապահ բժիշկը կգա և խնդրին լուծում կտա»,- պատմեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ մոտ 40 րոպե սպասել է բժշկին:

«Ընդ որում, բժիշկը շրջակայքում էր, գնում գալիս էր, պարզապես ես չգիտեի, որ հենց ինքն է, որպեսզի ինքս մոտենայի։ Երբ եկավ, ասաց՝ գնացեք տուն, երբ ուժեղ արնահոսություն սկսվի, կգնաք հիվանդանոց, թող մաքրեն։ Բայց ո՞ւր պիտի գնայի այդ ուշ գիշերով, ես արդեն բժշկական կենտրոնում էի, թող մաքրեին։ Ինքը նաև ասաց՝ մաքրելու համար պետք է երկուշաբթի գաք կոնսուլտացիայի, որպեսզի կոնսուլտացիոն բժիշկը ձեզ ուղղորդի»,- հավելեց կինն ու նշեց, որ սպասել է մինչ երկուշաբթի, սակայն հետագա գործողությունների համար դիմել է այլ հիվանդանոց։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ իր դժգոհությունը հիմնականում կապված է անկանխիկ վճարման խնդրի հետ, քանի որ բավականին մեծ ճանաչում ունեցող ԲԿ-ում չի եղել ոչ բանկոմատ, ոչ էլ քարտային վճարման համակարգ։ 

«Շենգավիթ» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Անուշ Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հղի կնոջը ընդունել են ԲԿ այն կարգով, որով ընդունում են բոլոր ծննդկաններին. «Կազմակերպվել է սոնոգրաֆիկ հետազոտություն, և պարզվել է, որ վիժման վտանգ չկա, այլ 6-7 շաբաթական չզարգացող հղիություն է։ Բժիշկն ասել է, որ այս պահին ոչ մի վտանգ չկա, և որպեսզի կատարեն անհրաժեշտ մաքրումը՝ պետք է սպասեն, որ արյունը շատանա։ Բժիշկը իրեն նշանակել է կոնսուլտացիա երկուշաբթի օրը, սակայն ծննդկանը էլ չի եկել»։
 
Ինչ վերաբերում է բանկային քարտերով վճարման տերմինալին՝ Անուշ Բադալյանը տեղեկացրեց, որ ԲԿ-ում նման հնարավորություն չի եղել, քանի որ դրամարկղը մինչև ուշ գիշեր չի աշխատում։