Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» հիմնադրամը պատերազմից հետո 23 մլն դոլար է հանգանակել

«Հայաստան» հիմնադրամը պատերազմից հետո 23 մլն դոլար է հանգանակել
Հասարակություն
19:49, 11 январь 2022
«Հայաստան» հիմնադրամը պատերազմից հետո 23 մլն դոլար է հանգանակել: Այս մասին հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում. տեղեկացնում է ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին էլ մասնակցել է շուրջ 750 հազար նվիրատու, որից 500 հազար նվիրատուի գումարներն ուղիղ եկել են հիմնադրամի տարբեր հաշիվներին: 

Նվիրատուների մի լուրջ հատվածի ուղղակի նույնականացնել չի լինում, կարճ հաղորդագրությունների միջոցով 1000 դրամներ փոխանցած անձանց անհատական տվյալներ չկան: Բացի այդ առցանց նվիրատվություններ կատարած բազմաթիվ նվիրատուներ չեն նշել իրենց անուն-ազգանունները»,- պարզաբանեց հիմնադրամի տնօրենը:

Արշամյանը վստահեցրեց, որ դրամահավաքի մեկնարկը համաձայնեցվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի, խորհրդի մի շարք անդամների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ: 

«Դա համազգային ջանք է եղել, և հիմնադրամը սեպտեմբերի 27-ին ուղղակի չի արթնացել և ասել, որ դրամահավաք է սկսում: Ռազմական դրության պայմաններում պետք է այդ ամեն ինչը համաձայնեցնել համապատասխան կառույցների հետ, թե արդյոք ճի՞շտ է, որ հիմնադրամը դա անի: Ի վերջո, այդ կոնսենսուսային որոշումն է եղել, որ համազգային դրամահավաքն իրականացվի բացառապես հիմնադրամի միջոցով: Այսինքն՝ հիմնադրամը կամուրջ է հանդիսացել պատերազմի մարտահրավերները դիմագրավելու համար դրամահավաք իրականացնելու առումով»,-ասաց հիմնադրամի տնօրենը:

Հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեցին, թե դրամահավաքը ո՞վ է նախաձեռնել, դա եղե՞լ է պատվեր կառավարության կողմից, առաջա՞րկ ՀՀ նախագահի կողմից, թե՞ հիմնադրամի տնօրենն ինքն է առաջարկել դա պաշտոնատար անձանց: Արշամյանը պատասխանեց՝ «և, և, և»:

Հիշեցնենք, որ հիմնադրամը կառավարությանը փոխանցել էր հավաքագրված գումարներից 52 մլրդ 703 մլն 113 հազար 3952 հազար դրամ: