Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանդեպ վստահությունը վնասվել է անհարկի մեղադրանքների պատճառով. Բաբկեն Թունյանը՝ Արծվիկ Մինասյանին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։

Հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին և կազմված է 11 անդամից։
Հանձնաժողովի նախագահն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։  

Հանձնաժողովի կազմում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Գևորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սերգեյ Բագրատյանը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են՝ Էլինար Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը և հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այս հանձնաժողովում ունի 1 ներկայացուցիչ՝ Հայկ Մամիջանյանը։   

Հանձնաժողովը ստեղծված է 6-ամսյա գործունեության ժամկետով և այդ ժամանակահատվածում պետք է քննի, թե ինչ նպատակներով և արդյոք արդյունավե՞տ են օգտագործվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված գումարները, որոնք փոխանցվել են ՀՀ պետական բյուջե։ 

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին. «Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ընդդիմադիր պատգամավորների առաջարկով՝ իրավունքի ուժով։ Իմ կարծիքով՝ ստեղծվել է սկիզբ առած աղմուկի՝ կասկածի հիման վրա, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ոչ արդյունավետ են օգտագործվել։ Դուք նշում էիք, որ հանձնաժողովը իր աշխատանքով պետք է փորձի վերականգնել վստահությունը «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ։ Իմ կարծիքով՝ այդ վստահությունը կորսվել է անհարկի մեղադրանքների պատճառով։ Հիմա հարցս հետևյալն է. եթե քննիչ հանձնաժողովը վերջում եզրակացության գա, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից բյուջե փոխանցումը եղել է արդարացված, և միջոցները օգտագործվել են արդյունավետ, արդյոք մենք գործընկերային հայտարարո՞ւմ ենք, որ այն, ինչ որ հնչեցվել է, դնում ենք մի կողմ՝ իրականում խնդիր գոյություն չի ունեցել, և դրանով վերականգնում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններից»:
 
Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ իրենց նպատակը ճշմարտությունը վեր հանելն է, հաստատել կամ հերքել հիմնադրամի միջոցների օգտագործման օրինականությունը, եթե կան չարաշահումներ, ապա պատշաճ ընթացք տալ և մեղավորներին բացահայտելու, պատժի ենթարկելու համապատասխան վարույթները հարուցվեն, վերականգնվեն անարդյունավետ և ապօրինի օգտագործված գումարները։