Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանին հետաքրքրում է «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքից պետբյուջե փոխանցված 52 միլիարդ դրամի ճակատագիրը

Պատգամավորների մեկ քառորդի պահանջով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։

Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ։

Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնվել էր «Մենք ենք մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավ, որի ընթացքում հավաքագրված միջոցներից շուրջ 52 միլիարդը հետագայում փոխանցվեց պետական բյուջե։

«Հանրության շրջանում այս դրամահավաքն աչքի էր ընկնում նաև նրանով, որ փոքր ծավալ կազմող հանգանակությունները շատ մեծ տեսակարար կշիռ էին կազմում, այսինքն՝ փաստացի, սա մեր բոլոր բարեկամների, մեր բարին կամեցողների համար հաճախ տարակուսելի արձագանք գտավ։ Այս քննիչ հանձնաժողովը, որն ինչպես նախագահողը նշեց՝ օրենքի ուժով արդեն իսկ ստեղծված է և այս պահին մենք քննարկում ենք ընդամենը դրա կազմի թիվը և հետագայում կքննարկենք նաև դրա կազմը, միտված է ցրելու օդում կախված այն լուրերը, որ պետական բյուջե փոխանցված այս գումարները ծախսվել են ոչ արդյունավետ, որ եղել են այդ պահին ֆիկտիվ գրանցված ՍՊԸ-ների միջոցով կանխիկացումներ բյուջեից, եղել են գնումներ, որոնք շրջանցել են գնումների ընթացակարգը, շրջանցել են նույնիսկ ՊՆ-ն, առհասարակ, եղել են գնումներ, որոնց արդյունավետության և տեղին լինելու հետ կապված առկա է հիմնավոր կասկած։ Կան նաև դեպքեր, երբ առաջանում են կասկածներ՝ առհասարակ ուղղվող ոլորտների նկատմամբ»,-ասաց Հայկ Մամիջանյանը։

Վերջինս նշեց, որ այս բոլոր հարցերի վերաբերյալ աշխատելու է այս քննիչ հանձնաժողովը։ Նա նաև ասաց, որ համենայն դեպս, ինքը չի հանդիպել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի կայքում հաշվետվության և աուդիտի, որը պիտի իրականացվեր հիմնադրամում։