Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սրիկայություն է հիմնադրամի նկատմամբ մտածված անվստահություն սերմանելն ու արտասահմանում «դեբոշներ» կազմակերպելը. Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի հերթական նիստում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը և նշեց, որ այժմ քննարկվելու է քննիչ հանձնաժողովի անդամների թվի վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Ես ունեմ կապեր Սփյուռքում, և իմ ընկերները ամիսներ տևող անհանգստություն են հայտնում, որ մտածված քաղաքականություն է վարվում վարկաբեկելու այս հիմնադրամը, և անվստահություն են սերմանում, որ չարժե հիմնադրամին գումարներ փոխանցել, քանի որ այն չարաշահվում է»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը և հավելեց. «Այ սա ես համարում եմ սրիկայություն»:

Նրա խոսքով՝ ընդդիմության խնդիրն է խոշորացույցի տակ վերցնել իշխանությանը և գտնել ու մատնանշել թերությունները. «Դա ես ողջունում եմ, դա ընդդիմության շատ օգտակար առաքելություններից մեկն է, բայց թացը չորի հետ խառնել...»:

«Պակաս սրիկայություն չէ, երբ պաշտոնական պատվիրակությունը լինում է արտասահմանում, և այնտեղ ցուցադրվում է արհամարհանք այդ պետության պատվիրակության հանդեպ՝ կազմակերպելով, ներողություն այդ բառի համար, դեբոշներ, մինչդեռ կարելի է ընդունելություն խնդրել, պահանջներ ներկայացնել»,- հավելեց Վիգեն Խաչատրյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ հանձնաժողովը ընդդիմության մենաշնորհը չէ. «Բոլորով կմասնակցենք, կհամոզվենք, սխալներ կլինեն՝ պատասխանատվության կկանչենք, սխալներ չենք հայտնաբերի՝ կհասկանանք, որ սրիկայություն չի կարելի անել: Այնպես որ սրիկայության մասին խոսելիս մի քիչ զգույշ եղեք»: