Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե «Հայաստան» հիմնադրամի միջոցների առնչությամբ բացահայտվեն չարաշահումներ, ՔՊ-ից ավելի շահագրգիռ կողմ չի կարող լինել՝ մեղավորներին պատժելու համար. Բաբկեն Թունյան

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ եթե քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում բացահայտվեն չարաշահումներ, ապա ՔՊ-ից ավելի շահագրգիռ կողմ չի կարող լինել՝ մեղավորներին պատժելու համար. «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը մսխում են չհիմնավորված մեղադրանքները։ Քաղաքական տարբեր կուսակցությունների կողմից քաղաքական տարբեր միջոցառումների ժամանակ հնչել են կոնկրետ մեղադրանքներ՝ ուղղված և կառավարությանը, և պատգամավորներին, ու այնպիսի ընկալում էր, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները այդ գումարներն ուղարկել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ, դրանք գնացել են բյուջե, և դրանցով պարգևավճարներ են բաժանվել պատգամավորներին ու պետական աշխատողներին։ Այս ընկալումը, ցավոք սրտի, շատ վատ ռեզոնանս է առաջացրել Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ։»։

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ 2 հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին. առաջինը՝ արդյոք փակ նիստեր նախատեսվա՞ծ են, թե՞ ոչ, և երկրորդ հարցը՝ քննիչ հանձնաժողովի նախաձեռնող կողմի համար ո՞րն է առաջնահերթությունը՝ հիմնադրամի գումարների պետբյուջե փոխանցման արդարացվածությո՞ւնը, թե՞ միջոցների արդյունավետ վատնումը։  

Արծվիկ Մինասյանը, արձագանքելով հարցերին, նշեց. «Հանձնաժողովի աշխատանքային սկզբունքը լինելու է հրապարակային գործունեությունը, բայց օրենքով պաշտպանված՝ պետական, ծառայողական գաղտնիքներ հրապարակվելու սահմանափակման պարագայում աշխատակարգով նախատեսված են նաև փակ նիստեր։ Երկրորդ՝ քննիչ հանձնաժողովի նպատակն է պարզել հիմնադրամի միջոցներից 52,7 մլրդ դրամը, որը փոխանցվել է կառավարությանը, որքանո՞վ է այս փոխանցումը համապատասխանում հիմնադրամի կանոնադրությանը, օրինակա՞ն է եղել, թե՞ ոչ, ինչպես նաև պետական բյուջեից կատարվող ծախսումները որքանո՞վ են համապատասխանել օրինականության, արդյունավետության և նպատակայնության չափանիշներին՝ այս ամենը համադրված ՀՀ գործող օրենսդրության պահանջների հետ»։