Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենդանաբանական այգում կենդանիները սովից չեն անկում, այգում մշտապես գրանցվում են թե՛ անկումներ, թե՛ ծնունդներ. Երևանի կենդանաբանական այգու հանրային կապերի պատասխանատու

Կենդանաբանական այգում կենդանիները սովից չեն անկում, այգում մշտապես գրանցվում են թե՛ անկումներ, թե՛ ծնունդներ. Երևանի կենդանաբանական այգու հանրային կապերի պատասխանատու
Հասարակություն
16:45, 04 февраль 2022
Լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, որ Երևանի կենդանաբանական այգում կենդանիներն անկում են սովից, կեղծ են: Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են թե՛ անկումներ, թե՛ ծնունդներ, և դա նորմալ է: Civic.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի կենդանաբանական այգու հանրային կապերի պատասխանաու Լիանա Բրյանը:

Նա ընդգծեց, որ վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացի անգղների դեպքից. «Մենք արդեն հայտնել էինք, որ մասնագիտական ուսումնասիրությունը հայտնաբերել է, որ անգղների անկման պատկերը քրոնիկ թունավորման է բնորոշ, բայց վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել: Պատասխաններից հետո նոր վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի»: 

Երևանի կենդանաբանական այգու հանրային կապերի պատասխանատուն նաև հավելեց, որ կենդանիների հնարավոր թունավորման կասկածանքով դիմել են ոստիկանություն, և ընդգծեց, որ ուղտի մոտ պարկ էին հայտնաբերել՝ առնետների դեղով, և ենթադրվում է, որ դա թունավորման փորձ է:

Ոստիկանության ԶԼՄ-ների գծով վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցը կենդանիների թունավորման կասկածանքով ոստիկանություն է դիմել դեռևս հունվարի 24-ին, և ներկայացված հաղորդման հիմքով նյութեր են նախապատրաստվում: 

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ Երևանի կենդանաբանական այգում կենդանիները սատկում են սովից, ցրտից, իսկ այգու նախկին աշխատակիցներից մեկի խոսքով էլ՝ երբեմն ճակատագրական է լինում կենդանու համար վանդակ փոխելը, որտեղ իրար հետ չեն հաշտվում և վնասում են իրար:  

Երեկ բնապահպան Նարինե Կիրակոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է կենդանաբանական այգում ապրող հերթական կենդանու՝ այս անգամ վագրի անկմանը և նշել. «Երևանի կենդանաբանական այգում այսօր վագր է սատկել։ Ուսսուրական էգ վագր էր, անունը Գերդա։ Երեկ էլ պոնի էր սատկել, իսկ դրանից առաջ էլի ու էլի շատ կենդանիներ։ Այսօր կենդանիները արդեն ոչ թե նախկինի նման էֆթանազիայի են ենթարկվում, այլ սովից սատկում։ Օրինակ՝ Գերդան այնքան էր նիհարել, որ կուզիկ էր դարձել արդեն»։ 
 
Ըստ բնապահպանի գրառման՝ վերջին օրերին Երևանի կենդանաբանական այգում սատկել են լեմուր, կայսերական վիշապ, սպիտակագլուխ անգղ (4 հատ), մորուքավոր անգղ, սև անգղ (2 հատ), բեզոարյան այծ (2 հատ), հայկական մուֆլոն, քարակաքավ (5 հատ), տրիոնիքս, բարաբանդային թութակ (2 հատ), գորշ արջ, եվրոպական եղնիկ (3հատ), լորիկետ (3 հատ), սիբիրյան լուսան, սպիտակավոր ոզնի, ալեձև թութակ, թուրքմենական կուլան։

Նարա Մարտիրոսյան