Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՈՒՀ-երի անվճար տեղերի թիվն՝ ըստ կառավարության որոշման նախագծի․ ԵՊՀ-ին 2022-2023 ուս․տարվա համար հատկացվել է 416 անվճար տեղ

ԲՈՒՀ-երի անվճար տեղերի թիվն՝ ըստ կառավարության որոշման նախագծի․ ԵՊՀ-ին 2022-2023 ուս․տարվա համար հատկացվել է 416 անվճար տեղ
Հասարակություն
12:15, 08 февраль 2022
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում զետեղվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների  2022-2023 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ եւ վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ 

Նախագծին կից հավելվածներից տեղեկանում ենք, որ թե կրթական հաստատություններից որոնցում որ մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի համար քանի անվճար տեղ է հատկացված։ Մասնավորապես Երեւանի պետական համալսարանին հատկացվել է 416 անվճար տեղ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին՝ 86, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանին՝ 62, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային՝60, Հայ-ռուսական համալսարանին (հայկական բաժանմունք)՝ 24, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին՝ 71, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին՝ 393 տեղ։  /Անվճար տեղերի ընդհանուր թիվը 1906 է, այդ թվում նպատակային՝ 25 տեղ/։  
 
ԵՊՀ-ին հատկացված անվճար տեղերը բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝ արաբագիտություն՝ 5, թյուրքագիտություն՝ 5, իրանագիտություն՝ 5, կովկասագիտություն՝ 6։ Հայոց լեզու եւ գրականություն մասնագիտության համար հատկացվել է 12 տեղ, ռուսաց լեզու եւ գրականություն՝ 7, թարգմանչական գործ /անգլերեն եւ հայերեն/՝ 3, անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու և հաղորդակցություն՝ 5, անգլերեն լեզու, գերմաներեն լեզու և հաղորդակցություն՝ 5, անգլերեն լեզու, իսպաներեն լեզու և հաղորդակցություն՝ 5, անգլերեն լեզու, իտալերեն լեզու և հաղորդակցություն՝ 4 անվճար տեղ։ Տնտեսագիտություն մասնագիտության համար անվճար տեղերի թիվը 2 է, քաղաքագիտություն մասնագիտության համար՝ 3, հոգեբանության համար՝ 5, սոցիոլոգիայի համար՝ 4։ Լրագրություն մասնագիտության համար պետությունն, ըստ նախագծի, 4 անվճար տեղ է նախատեսել, իրավագիտության համար՝ 2։ 20-ական անվճար տեղ է նախատեսված մասնավորապես ֆիզիկա, մաթեմատիկա մասնագիտությունների համար, 22 անվճար տեղ՝ ռադիոֆիզիկա սովորել ցանկացողների համար, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի համար՝ 40 անվճար տեղ։

Երեւանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անվճար տեղերը բաշխված են հետեւյալ կերպ՝ բուժական գործ՝ 59, ստոմատոլոգիա՝ 7, ֆարմացիա՝ 5։  

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին հատկացվել է 230 տեղ, ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին՝ 76, օտարերկրյա այլ ռազմաուսումնական հաստատություններին՝ 115։  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին բուժական գործ զինված ուժերում անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի շրջանակներում պետությունը նախատեսում է փոխհատուցել 20 տեղի համար։ Հավելվածից տեղեկանում ենք, որ 20 տեղից 5-ը նախատեսված է Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի համար։       

ՀՀ ոստիկանության կրթահամալիրին էլ, ըստ հավելվածի, պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը 55-ն են, որից 3-ը՝ Արցախի Հանրապետությանը հատկացված նպատակային տեղերն են։ 

Մյուս ԲՈՒՀ-երին հատկացված տեղերի, դրանց համամասնության մասին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/3966/about, կառավարության որոշման նախագծին կից հավելվածների միջոցով։ 

Հեղինե Մանուկյան