Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության կողմից մերժված նախագահի թեկնածու Էդգար Ղազարյանը «չի հարգում» նախագահական գնացած մտավորականներին, քանի որ վերջիններս «դավաճանել են» իրեն պաշտոններ ու կոչումներ շնորհած Ս.Սարգսյանին

Ընդդիմության կողմից մերժված նախագահի թեկնածու Էդգար Ղազարյանը «չի հարգում» նախագահական գնացած մտավորականներին, քանի որ վերջիններս «դավաճանել են» իրեն պաշտոններ ու կոչումներ շնորհած Ս.Սարգսյանին
Հասարակություն
17:00, 12 февраль 2022
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ, դեսպան և մի քանի այլ պաշտոններ զբաղեցրած Էդգար Ղազարյանը ևս միացել է ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը մասնակցած մտավորականներին վիրավորելու, պիտակավորելու, մեղմ ասած, գռեհիկ արշավին։ Ղազարյանը, ընդ որում, չի բավարարվել մեկով, այլ երկու ֆեյսբուքյան գրառում է արել թեմայի վերաբերյալ։ Մեկում զետեղել է հանդիպման մասին վկայող լուսանկարն ու կից գրել․ «Մի փոր հացի դիմաց Ալեն Սիմոնյանին զվարճացնող «մեծանուն» մարդկանց իրական գնահատականը տվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը»։ Ապա Պ․ Սևակի «Չեմ հարգում» բանաստեղծությունն է մեջբերել՝ այպիսով արտահայտելով իր արգահատելի վերաբերմունքը վաստակավոր գործիչների հանդեպ։ Երկրորդ գրառման մեջ էլ նախկին դեսպանը գրել է․ «Փաստեր Ալեն Սիմոնյանի բարեհաճությունը և մի պատառ հացը գնահատող պալատական արտիստների կենսագրություններից»։ Ապա նշել է, թե մտավորականներից ով, երբ, ինչ կոչում է ստացել՝ այս կերպ թերևս փորձելով հղել այն ուղերձը, որ նախկին իշխանության օրոք գնահատանքի ու պարգևի արժանացած մտավորականները երախտամոռ են, ինչի ապացույցը գործող իշխանության ներկայացուցչի հետ հանդիպելն ու նույն սեղանի շուրջ նստելն է։  
 
Ինչպես ասում են՝ այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Արձանագրենք, որ նման մտածողություն, արժեհամակարգ ու կեցվածք ունեցող անձը ժամանակին բարձր պաշտոններ է զբաղեցրել, ավելի ճիշտ՝ նրան պաշտոններ են վստահվել, և, ինչպես վերջերս՝ ՀՀ նախագահի հրաժարականից հետո պարզվեց, հավակնում էր լինել ընդդիմության նախագահի թեկնածուն, անգամ անհրաժեշտ փաստաթղթերն էր գնացել վեցրել։ Սակայն նրա հույսերն ի չիք դարձան, քանի որ ընդդիմությունը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, որոշեց չառաջադրել որևէ թեկնածու։ Այս որոշումը Ղազարյանն ընդունեց խորը կսկիծով ու անգամ մեղադրեց ընդդիմությանը: 

Մինչդեռ Ղազարյանը իր գրառումներով միշտ փառաբանել է Սերժ Սարգսյանին՝ իրեն պաշտոնի և կոչումների արժանացնելու համար: Օրինակ 2018-ին, Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնավարման ավարտի նախօրեին, Ղազարյանը չէր զլացել ու մեկիկ-մեկիկ ու առանց ավելորդ համեստության թվարկել էր այն պաշտոններն ու պարգևները, որոնք ստացել է Սերժ Սարգսյանի օրոք՝ ընթացս նախագահին փառաբանող տեքստ գրելով։  

«Ուրախ եմ, որ իմ կյանքի ընթացքում հնարավորություն եմ ունեցել անձամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության պատմության  ամենաերևելի գործիչներից մեկին, ով հսկայական դեր ու նշանակություն է ունեցել նաև իմ կյանքում»,- գրել էր Ղազարյանը՝ իր ստանձնած պաշտոնների թվարկումը սկսելով 2008 թվականից, երբ եղել է  նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձը և ներգրավված է եղել «ՀՀ Վայոց ձորի մարզում քարոզչական, վստահված անձանց հետ տարվող աշխատանքների և վերլուծական  աշխատանքային խմբերի կազմում»: Ղազարյանն ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հետ կապված կենսագրական դրվագներից եւ ոչ մեկը բաց չի  թողել՝ նշելով անգամ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր առաջադրված լինելու մասին։ «2014 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ես պարգևատրվել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`  Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև համայնքների  զարգացման գործում ներդրած ավանդի համար: 2018 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ինձ շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի բարձրագույն դիվանագիտական աստիճան: Ներկայացվածը փաստեր են, որոնք հարստացրել են իմ կյանքն ու կենսագրությունը, հնարավորություն են տվել իմ ողջ կարողություններովծառայել Հայաստանի Հանրապետությանն ու նրա փառահեղ ժողովրդին: Այդ ամենը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի բարի ու ազնիվ  կամքով, ցանկություններով և որոշումներով: Այսօր ես իմ երախտիքն ու շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Սերժ Սարգսյանին իմ հանդեպ ցուցաբերած բացառիկ ուշադիր, հոգատար և ջերմ վերաբերմունքի համար: Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանն իր հարուստ գիտելիքներով, փորձառությամբ և  հեղինակությամբ շարունակաբար ծառայելու է մեր պետությանն ու ժողովրդին: Առողջություն և հետագա բազում հաջողություններ եմ  մաղթում Նախագահ Սերժ Սարգսյանին»,- եզրափակել է Ղազարյանը՝ ներբողագրին կից,որպես իր ու Սարգսյանի միջեւ հաստատված  ջերմ ու սիրառատ հարաբերությունների հավաստիք, զետեղելով արխիվային մի շարք լուսանկարներ, որոնցից մեկում պատկերված են  նաեւ նրա կինն ու զավակները։

Պարզ է, չէ՞, թե ինչու է Էդգար Ղազարյանը սրտնեղել ու աղմկում մտավորականների՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման փաստից։ Նա սրտնեղել է, քանի որ հանդիպմանը մասնակցած բոլոր մտավորականները իր կողմից հարգված ու «երևելի գործիչ» որակված Սարգսյանի ձեռքից ժամանակին պարգևներ են ստացել։ Եվ այսօր, սեղմելով Ալեն Սիմոնյանի ձեռքը, ըստ ղազարյանական դատողության, պարգևների արժանացած այդ մարդիկ թքել են իրենց պարգև շնորհած Սերժ Սարգսյանի ձեռքի մեջ։   
 
Հեղինե Մանուկյան