Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդգար Ղազարյանը պատրաստ է կրել նախագահի պաշտոնի ծանրությունը․ ընդդիմությունը, սակայն, դեռ որոշում չունի

Էդգար Ղազարյանը պատրաստ է կրել նախագահի պաշտոնի ծանրությունը․ ընդդիմությունը, սակայն, դեռ որոշում չունի
Քաղաքականություն / Հայաստան
21:05, 02 февраль 2022
Մի շարք լրատվականներով լուր տարածվեց այն մասին, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է նախագահի թեկնածու առաջադրել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։ 

Մասնավորապես Armlur. am-ի հետ զրույցում  Ղազարյանը  նշել է, որ այդ թեմայով որևէ քննարկման չի մասնակցել, բայց եթե պատգամավորներն առաջադրեն իր թեկնածությունը, ապա մեծ սիրով ու պատասխանատվությամբ պայքարի  ծանրությունն իր վրա կվերցնի:

Ղազարյանը նշել է նաև, որ առաջարկ ևս որևէ մեկի կողմից չի ստացել և հավելել, որ դիմել է Ոստիկանություն՝  ՀՀ  6  տարվա քաղաքացի լինելու մասին տեղեկանքը ստանալու:

Ագնեսա Խամոյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ քննարկումները՝  նախագահի թեկնածու առաջադրել- չառաջադրելու, առաջադրելու դեպքում՝ ում առաջադրելու, շարունակվում են, բայց այս պահի դրությամբ խմբակցությունը որոշում  չունի։ Էդգար Ղազարյանի և առհասարակ, քննարկվող թեկնածուների անունները հրապարակելը  Ագնեսա Խամոյանը քաղաքականապես ոչ կոռեկտ համարեց, սակայն նշեց, որ որոշում կկայացնեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։

Ղազարյանը armlur.am-ին նաև ասել էր, որ նախագահ ընտրվելը ոչ թե նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորություն, այլ այս իշխանությունների դեմ օրինական ու արդյունավետ պայքարի նոր միջոց է համարում։

Էդգար Ղազարյանին պետք է հիշեցնել, որ Ոստիկանության համապատասխան բաժնից տեղեկանք ստանալուց առաջ պետք է նախ  պատգամավորների առաջարկն ունենա՝ այդ պաշտոնում առաջադրվելու համար, ապա ԱԺ-ում բավարար կողմ քվեներ՝ նախագահի պաշտոնը ստանձնելու համար, հետո նոր սկսի պայքարել այս իշխանությունների դեմ։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, դժբախտաբար, իսկ գուցե՝ բարեբախտաբար, չունի բավարար ձայներ Ղազարյանին նախագահ ընտրելու համար։

Ծանուցում․ 40 տարին լրացած, վերջին 6 տարիների ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության  քաղաքացի հանդիսացող բոլոր անձինք  կարող են դիմել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ստանալ համապատասխան տեղեկանք և հույսով սպասել, որ ընդդիմությունը կառաջադրի հենց իրենց թեկնածությունը։ Անձը   կարող է հանդիսանալ նախագահի թեկնածու այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանական ընդդիմությունը այլ անձի չի առաջադրել այդ պաշտոնում կամ հրաժարվել որևէ մեկին առաջադրելուց։
 
Վովա Հակոբյան