Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իշխանությունը և՛ քաղաքական, և՛ իրավական տեսանկյունից լայնախոհ որոշում է կայացրել՝ Իշխան Սաղաթելյանին ընտրել ԱԺ փոխնախագահ»․ իրավագետներ

«Իշխանությունը և՛ քաղաքական, և՛ իրավական տեսանկյունից լայնախոհ որոշում է կայացրել՝ Իշխան Սաղաթելյանին ընտրել ԱԺ փոխնախագահ»․  իրավագետներ
Քաղաքականություն
18:38, 04 август 2021
Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային Ժողովի ձևավորման գործընթացը։ Արդեն իսկ ընտրվել են ԱԺ նախագահը և երկու փոխնախագահները։ Համաձայն սահմանադրության, ԱԺ երրորդ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմադիր խմբակցություններից մեկի թեկնածուն։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ «Պատիվ Ունեմ»-ը՝ թեկնածու չի առաջադրել։

Խորհրդարանական մեծամասնությունը որոշում ունի ապահովել ձայների այնպիսի քանակ, որ հնարավոր դառնա Իշխան Սաղաթելյանի ընտրությունը, պատճառաբանելով, որ հակառակ դեպքում կարող է քաղաքական և իրավական ճգնաժամ առաջանա։

«Իմ Քայլի» նախկին պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ունի իրավունք չընտրելու ընդդիմության թեկնածուին, բայց, մյուս կողմից, այդ պաշտոնը պատկանում է ընդդիմությանը և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով պետք է հարցը լուծվի ընդդիմության ներսում, և եթե ընդդիմությունը նպատակահարմար է գտնում որևէ մի թեկնածու առաջադրել, ապա քաղաքական մեծամասնությունը, ինչ-որ տեղ, ունի պարտականություն՝ ընտրել այդ թեկնածուին։

Ըստ Բաղդասարյանի, մեծամասնություն ունեցող խմբակցությունը կարող է չընտրել թեկնածուին, սակայն քաղաքական ճգնաժամի խնդիր է առաջանում։  «Բացի իրավական խնդրից կա նաև քաղաքական խնդիր։ Քաղաքական կոմպոնենտը պահանջում է, որ քաղաքական մեծամասնությունը՝ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված քվոտան, ապահովի», - ասաց Նիկոլայ Բաղդասարյանը, և ավելացրեց․ «մեծամասնությունը տարբերակ ունի չընտրելու ընդդիմության թեկնածուին, բայց հարցն այն է, թե չընտրելու դեպքում ի՞նչ լուծումներ են առաջարկվում»։

Իրավագետ Արտաշես Խալաթյանը ևս նշեց, որ քաղաքական մեծամասնությունը կարող է չընտրել ընդդիմության թեկնածուին, սակայն, եթե քաղաքական փոքրամասնությունը չառաջադրի այլ թեկնածու, ապա կարող է ինչ-որ ճգնաժամային երևույթներ առաջանան։ «Այս դեպքում ընդդիմության ձեռքին, կարելի է ասել, հաղթաթուղթ կլիներ, և կասեին՝ «մեծամասնության կողմից անհանդուրժողականություն կա, դա Սահմանադրության կողմից ընդդիմությանը երաշխավորված քվոտա է, ի՞նչ կապ ունի, թե ընդդիմադիր պատգամավորներից ով կդառնա ԱԺ փոխնախագահ» և այլն։ Սա կարող էր հանգեցնել նրան, որ ընդդիմությունը, ամենայն հավանականությամբ, այլ թեկնածու չառաջադրեր և որոշակիորեն ճգնաժամային երևույթներ առաջանային։  Իհարկե, Խորհրդարանի անգործունակության չէր կարող հանգեցնել, բայց որոշակի ճգնաժամային երևույթների տեղիք կարող էր տալ։ Կարծում եմ, ընդհանուր առմամբ, քաղաքական մեծամասնությունը, անկախ նրանից, որ տվյալ անձը իր անձնական մոտեցումներով, քաղաքական կոռեկտությունը չպահելով մեղմ ասած ամենաընդունելի անձը չէ ընդդիմության շրջանակներից՝  կարծում եմ, որ մեծամասնությունը խոհեմ է վարվել հերթական անգամ չտրվելով զգացմունքային դրսևորումների։ Կարծում եմ ընդդիմությունն էլ՝ Իշխան Սաղաթելյանին որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրելով, նաև մտածում էր, որ անձնական որոշակի հակակարանքի բերումով կարող է իշխանությունը չընտրի Սաղաթելյանին, և դրանով ինչ-որ ճգնաժամային երևույթ առաջացնելու հնարավորություն կլիներ, հետևաբար և՛ քաղաքական, և՛ իրավական տեսանկյունից լայնախոհ որոշում է կայացրել մեծամասնությունը», - ասաց Արտաշես Խալաթյանը։

Խալաթյանի կարծիքով  խնդիր կա՝ կապված քաղաքական մշակույթի հետ։ Ընդդիմության թեկնածուի չընտրվելու դեպքում, ընդդիմությունը, եթե գիտակցում է Խորհրդարանի բնականոն գործունեությունը չխոչընդոտելու իր առաքելությունը, ապա առաջադրում է այլ թեկնածու կամ գնում է բանակցությունների իշխանությունների հետ և առաջադրում է կոնսենսուսային թեկնածու, բայց դա, ըստ Խալաթյանի, կախված է ընդհանուր քաղաքական մշակույթից։ «Եթե ընդդիմությունն ու իշխանությունն ունեն փոխգործակցության նվազագույն մոտիվացիա, ապա կգտնեն լուծում, բայց մենք տեսնում ենք, որ իշխանությունը կառուցողական աշխատելու ձեռք է մեկնում, իսկ ընդդիմությունը ամենատարբեր հիմնավորումներով դա մերժում է։ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը մերժելու պարագայում, ամենայն հավանականությամբ, ընդդիմությունը նոր թեկնածու չէր առաջադրելու և ճգնաժամի մեղքը գցելու էր իշխանության վրա», - ասաց Արտաշես խալաթյանը։

Վովա Հակոբյան