Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լրագրողների իրավունքների մասին խոսող, մեկումեջ էլ դասեր տվող ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի հարազատ կուսակցությունը «նպատակահարմար չի գտնում պատասխանել» Civic.am-ի հարցերին

Լրագրողների իրավունքների մասին խոսող, մեկումեջ էլ դասեր տվող ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի հարազատ կուսակցությունը  «նպատակահարմար չի գտնում պատասխանել» Civic.am-ի հարցերին
Հասարակություն
16:33, 15 февраль 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Civic.am-ի թղթակցի՝ իրեն ուղղված հարցին պատասխանելիս որոշեց  լրագրության այբուբենը բացատրել՝ մասնավորապես նշելով. «Լրագրության մեջ ընդունված չի եզրակացություններ անել, հաստատումներ անել, վերջում հարցնել՝ այո, թե ոչ»։ 

Պարոն Մանուկյանի, որն, ի դեպ, պատգամավորի կարգավիճակում երբեմն բարձրագոչ ելույթներ է ունենում լրագրողների հանդեպ տեռորի, նրանց իրավունքների պաշտպանության թեմայով,  հարազատ կուսակցությանը՝ ՀՅԴ-ին, 8 օր առաջ հարցում էինք ուղարկել։ Ակնկալում էինք  ՀՅԴ 131-ամյակին վերաբերող մի քանի հարցերի պատասխաններ ստանալ։ Մեզ դեռ նախորդ չորեքշաբթի էին կուսակցության գրասենյակից խոստացել, որ օրվա մեջ կտրվեն հարցման պատասխանները, սակայն միայն այսօր, կուսակցության գրասենյակ կատարած հերթական զանգի արդյունքում  պարզեցինք, որ «ՀՅԴ ԳՄ-ն նպատակահարմար չի գտնում պատասխանել մեր հարցերին»։  

Կարող ենք, իհարկե, ըստ մեր նպատակահարմարության գնահատականները  տալ  131-ամյա կուսակցության՝ լրատվամիջոցի հետ աշխատելու  պահվածքին,  եզրակացություններ ու հաստատումներ անել՝ արհամարհելով  հարցման հասցեատիրոջ  հնարավոր «այո» կամ «ոչ» պատասխանները, առնվազն արձանագրել, որ խաբելը, մեղմ ասած, սիրուն չէ, սակայն  ձեռնպահ ենք մնում։ Փոխարենը նպատակահարմար ենք համարում հրապարակել մեր անպատասխան մնացած հարցումը՝ ընթերցողին տեղեկացնելու, թե մասնավորապես ի՞նչ հարցերի է խուսափել պատասխանել պատկառելի տարիքի կուսակցության Գերագույն մարմինը։ 

Ըստ այդմ՝  «Դվին Հոլլ»-ում տեղի ունեցած ՀՅԴ 131-ամյակին նվիրված միջոցառմանը հայաստանյան քաղաքական կուսակցություններից, Սփյուռքում գործող քաղաքական-հասարակական կառույցներից որո՞նք էին հրավիրված։ Միջոցառման հրավիրյալների և միջոցառմանը մասնակցած անձանց թիվը որքա՞ն էր։ Արդյոք նրանցից քանի՞սն են միջոցառմանը մասնակցել ըստ ՀՀ առողջապահության նախարարության սահմանած կարգի, ըստ որի՝ ս.թ. հունվարի 22-ից հանրային վայրեր  կարող են մուտք գործել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատով,  արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանքով,  պատվաստման սերտիֆիկատով։ Արդյոք բոլոր մասնակիցների դեպքո՞ւմ է կիրառվել  հիշյալ կարգը (ուզում էինք ճշտած լինել՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և այլք արդյոք հիշյալ կարգի համաձա՞յն են մասնակցել միջոցառմանը, թե՞ արտոնյալ կարգավիճակ են ունեցել)։  

ՀՅԴ-ին հարցրել էինք նաև՝ ինչո՞ւ որոշվեց կուսակցության 131-ամյակը նշել Հայաստանում, այլ ոչ թե Արցախի Հանրապետությունում՝ այսպիսով ընդգծելով ՀՀ-Արցախ-Սփյուռք անքակտելի միասնությունը։ Միջոցառմանը արդյոք, Արցախի նախկին նախագահներից բացի, հրավիրվա՞ծ են եղել նաև Արցախի գործող իշխանության ներկայացուցիչները՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտոնյաներ ԱՀ ԱԺ-ից և Կառավարությունից։

Նկատենք, որ ՀՅԴ-ի նման պահվածքը՝ արհամարհել անցանկալի լրատվամիջոցների հարցերը, չպատասխանել նույն այդ անցանկալի լրատվամիջոցների թղթակիցների հեռախոսազանգերին, մեզ համար նորություն չէ։  Մեր հին ընկեր դաշնակցությունը, փաստորեն, տարիքն առնում է, բայց այդպես էլ չի փոխում ոչ յուրային լրագրողների հետ աշխատելու (այսինքն՝ չաշխատելու) «հին խասյաթը»։ 

Հեղինե Մանուկյան