Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք հիմա իրար հետ խոսում ենք, դրսում ինչ-որ բան թռչում է, թե ո՞ւր կընկնի՝ պարզ չի, իսկ բանակցությունից սպասելիք չկա, որևէ կողմ զիջման չի գնում». Խարկովի հայ բնակիչ

Հայազգի գործարար Հովսեփ Վարդանյանը, որն ընտանիքով բնակվում է Ուկրաինայի Խարկով քաղաքում, Civic.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց այս պահին Խարկովում տիրող իրավիճակի մասին։ 

Նրա խոսքով՝ իրավիճակը լարված է, մոտ 1 ժամ է՝ կրակոցներ և պայթյուններ չեն լսվում քաղաքում, իսկ գիշերն ու առավոտյան ուժեղ ձայներ էին լսվում։ Որոշ շենքեր վնասվել են, այդ թվում՝ 2 առևտրի կենտրոն։ Բնակիչների մոտ սպառվում է ուտելիքը, խանութները փակ են, քաղաքում խմելու ջրի խնդիր կա։ 
 
«Բնակչությունը պատսպարվում է կամ մետրոյի կայարաններում, կամ տներում. քաղաքից դուրս գալու հնարավորություն գրեթե չկա, ավտոբուսներ չկան, մեքենայի համար վառելիք չկա, վառելիքը վերջացել է»,- պատմեց մեր հայրենակիցը՝ հավելելով, որ Խարկովից դուրս գալու միակ միջոցը գնացքն է, որն էլ գերծանրաբեռնված է։  

«Գնացքներում ճամպրուկով մարդկանց ճամպրուկները հանում, գցում են, որպեսզի դրա տեղը մարդ կարողանա խցկվել։ Ես դա չեմ դիտարկում որպես տարբերակ։ Քաղաքից դուրս գալու հնարավորությունը շատ քիչ է ու գնալով ավելի է բարդանում։ Հնարավոր չէ որևէ մի ուղղությամբ գնալ, աջ ու ձախ պատերազմ է։ Այսինքն՝ մենք հիմա իրար հետ խոսում ենք, դրսում ինչ-որ բան թռչում է, թե ո՞ւր կընկնի՝ պարզ չի»,- պատմեց նա։

Խարկովի բնակչի խոսքով՝ կրակոցների ու պայթյունների ձայները լսել են ամենաառաջին օրվանից. «Ամենասարսափելին առաջին օրն էր, որ ժամը 4.30-5.00-ին զարթնում ես, ու տանդ մոտերքում ինչ-որ բաներ են պայթում. սկսվեց պատերազմ, ու դա դեռ շարունակվում է»։ 
Խարկովում ռազմական գործողությունների ժամանակավոր դադարը, Խարկովի բնակչի խոսքով, բանակցությունների մեկնարկի հետ է կապված, թեև իրենք այդ բանակցություններից արդյունք չեն սպասում, քանի որ որևէ կողմ զիջումների չի գնում. «Թե ինչ լարվածություն կլինի բանակցությունների տապալումից հետո, դժվար է կանխատեսել։ Ամեն դեպքում, 90 տոկոսով լարվածության ուժգնացում է սպասվում»։  

Հովսեփ Վարդանյանի խոսքով՝ միգուցե Ուկրաինայի ղեկավարության արևմտամետ ուղղվածությունը անձամբ իր համար էլ ինչ-որ տեղ ընդունելի չէ, և կարող էր համաձայն չլինել, բայց Պուտինի կողմից այս ճանապարհով հարց լուծելը անսպասելի էր տեղացիների համար։  
«Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է մարդը մտածել, որ տանկերով կարող է մտնել ուրիշի պետության մեջ ու դրանով հարցեր լուծել։ Ես մինչև հիմա չէի հավատում, որ հավատայի՝ հնարավորություն ունեի արտասահման գնալու, Ամերիկայի բաց վիզա էլ ունեմ, կարող էի Ամերիկա գնալ, Եվրոպան մեզ համար առանց վիզայի է, ես կարող էի գնալ նաև այնտեղ, բայց մինչև վերջին րոպեն, ճիշտն ասած, չէինք սպասում, որ Պուտինն այդպիսի քայլի կգնա, որովհետև այդպիսի քայլով հարց չի լուծվում»։ 

Խարկովի բնակչի խոսքով՝ մինչ այժմ Խարկովը գրավելու 2 փորձ անհաջող է եղել, այժմ քաղաքը գրավելու ռուսների 3-րդ փորձն է։ «Մինչև հիմա Ռուսաստանը նպատակաուղղված չի կրակել բնակելի շենքերի վրա, որոշ շենքեր վնասվել են, բայց բնակչության վրա նպատակաուղղված կրակ չի եղել։ Հիմա, Աստված տա, պատերազմը շուտ վերջանա, բայց Ռուսաստանի իրավիճակն ավելի վատ է. ես սարսափով եմ մտածում, որ եթե բանը հասնի պարտվելուն՝ ինչ քայլերի կդիմի Ռուսաստանը ողջ երկրագնդի դեմ։ Այ, դա է ինձ հիմա ամենաշատն անհանգստացնում։ Ինքը հետքայլի տեղ չունի, արդեն Ռուսաստանում կոլապս է սկսվել։ Ռուսաստանի պարտվելուց հետո իրենց մոտ իրավիճակը ավելի կվատանա»։   

Մեր հայրենակիցը նաև ասաց, որ Եվրոպան իր ուղղությամբ ՌԴ-ի հարձակման լուրջ վտանգ է տեսնում, դրա համար օգնության ձեռք մեկնեց՝ միլիոնավոր դոլարների զենքի տեսքով, որպեսզի պատերազմը Ուկրաինայում ավարտվի, ու ՌԴ-ն չշարժվի դեպի Եվրոպա։ «Եվրոպայում գտնվող ծանոթ քաղաքական գործիչների հետ խոսում էի, նրանք պարզ ասացին՝ եթե հիմա թույլ տանք, որ Պուտինն այդտեղ հաղթի, վաղը մեզ վրա է գալու։ Ես խոսում եմ Լիտվայի ու Լեհաստանի իմ ծանոթների մասին։ Հիմա Լեհաստանում էլ խանութներից ամեն ինչ առնում, տանում են և չգիտեն, թե ինչպես այս պատերազմը վաղը կշրջվի։ Այսինքն՝ հիմա Եվրոպայի ուշքումիտքն այն է, որ էստեղ ամեն ինչ ավարտվի. կռիվն այն աստիճանի հասնի, որ Ռուսաստանը պարտվի, որովհետև եթե հաղթի, իրենց կողմ է գնալու։ Փաստորեն, մենք դարձանք պալիգոն»,- ասաց մեր հայրենակիցը։

Խարկովի բնակիչը սպասելիք ունի G 7-ի գագաթնաժողովից։ «Եթե իրենք որոշեն, որ Ուկրաինան պետք է համաձայնության գնա ՌԴ-ի հետ ու որոշ զիջումների գնա, պատերազմը կդադարի, եթե ոչ, ամեն ինչ դեռ նոր է սկսվելու, ու այ դա ամենածանրն է։ Հուսանք՝ լավ կլինի, սա կանցնի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։         

Հ․Գ․ Մեր զրույցից հետո պարզ դարձավ, որ կարճատև դադարից հետո Խարկովում կրակոցներն ու ռմբակոծությունը վերսկսվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։