Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկային ոստիկանությունում ծառայելու համար կարող է դիմել ցանկացած ոք. Վարչապետը կանանց կոչ արեց նույնպես մասնակցել

Այսօր՝ մարտի 17-ին, Կառավարության հերթական նիստում ոստիկանապետ Վահե Ղազարյանն առաջարկեց բյուջեից 2 մլրդ 30 մլն 100 հազարի չափով գումար ավելացնել՝ Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայությունը գործարկելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ոստիկանության այս բարեփոխման արդյունքները գոհացուցիչ են: «Հաջորդ փուլով պարեկային ոստիկանություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում: Եվ հիմա արդեն հայտարարվել է հավակնորդների մրցույթ, և այժմ արդեն, ի տարբերություն առաջին մրցույթի, մենք ունենում ենք ռեալ մրցակցություն՝ մեկ տեղի համար արդեն մի քանի հավակնորդներ կան»,- հավելեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պարեկային ոստիկանությունում ծառայություն անցնելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինելն ու բարձրագույն կրթություն ունենալը. «Այսինքն՝ ցանկացած ոք կարող է աշխատել, և նրանց առջև կարիերայի հնարավորություն է բացվում»:

Վարչապետը կոչ արեց, որ կանայք նույնպես ակտիվորեն մասնակցեն այս գործընթացին. «Կին պարեկների պոտենցիալը մեծ է»: 

Մանրամասն՝ տեսանյութում: