Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պիտի պայքարենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար»․ վաղը Ստեփանակերտում խաղաղ հավաք կանցկացվի

«Պիտի պայքարենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար»․ վաղը Ստեփանակերտում խաղաղ հավաք կանցկացվի
Հասարակություն
14:56, 23 март 2022
Մարտի 24-ին Արցախում նախատեսվում է խաղաղ հավաք անցկացնել՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախ գնացող գազի խողովակի փակմամբ․ այս մասին տեղեկանում ենք Արցախի բնակիչների ֆեյսբուքյան էջերից։

Միջոցառման հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Սիրելի ընկերներ, այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, կարելի է միայն հումանիտար աղետ անվանել։ Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։

Եթե ոչ մենք, սովորական քաղաքացիներս, ապա ո՞վ մեր փոխարեն կհասցնի աշխարհին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները ահաբեկում Արցախի խաղաղ բնակչությանը՝ էթնիկ բնաջնջման ենթարկելու նպատակով։

Այո՛, մենք պիտի պայքարենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար բոլոր հնարավոր միջոցներով, և այս պահին մեր ձայնը լսելի դարձնելու լավագույն միջոցը խաղաղ հավաք կազմակերպելն է։

Արցախի կանա՛յք,

կոչ ենք անում բոլորիդ թողնել բոլոր գործերը եւ ձեր երեխաների հետ մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին մասնակցել մանկական հիվանդանոցի մոտ կազմակերպվող խաղաղ հավաքին։

Ցույց տանք ամբողջ աշխարհին, որ մենք կանք եւ ուզում ենք խաղաղություն մեր հայրենիքում՝ մեր երեխաների համար»։