Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիուպոլում ազգությամբ հայ զոհեր ունենք՝ երիտասարդ տղա, աղջիկներ, երիտասարդ մայրեր են մահացել հրթիռակոծությունից. Դոնեցկի հայերի միության նախագահ

Մարիուպոլում ազգությամբ հայ զոհեր ունենք՝ երիտասարդ տղա, աղջիկներ, երիտասարդ մայրեր են մահացել հրթիռակոծությունից. Դոնեցկի հայերի միության նախագահ
Հասարակություն
19:57, 31 март 2022
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի արևելյան կողմից մեծ թվով բնակիչներ տարհանվել են Ռուսաստանի Դաշնություն, իսկ քաղաքի արևմտյան կողմի բնակչությունը մեծ ռիսկերով փորձում է դուրս գալ դեպի ուկրաինական կողմ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի հայերի միության նախագահ Վահագն Մաթևոսյանը։ 

Նրա խոսքով՝ մի քանի հայ ընտանիք դեռևս մնացել է Մարիուպոլում՝ գտնվում են ապաստարաններում, և կարծում է՝ հնարավոր է մնան այնտեղ մինչև կռիվը վերջանա։ 

«Ուկրաինայի կողմից սննդի մեքենաներ չեն կարողանում մտնել  Մարիուպոլ, քաղաքը փակել են»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով ընդհանուր քաղաքացիական զոհերի թիվը 1179-ն է, մեր զրուցակիցն արձագանքեց. «1000 կամ 2000-ը՝ ծիծաղելու թվի մասին է խոսքը, քաղաքացիական զոհերը շատ են։ Նույնիսկ եթե նայենք այն տեսահոլովակները, որոնք ինչ-որ հրաշքով հասել են մեզ, մարդկանց այնքան դիակ կա փողոցում՝ հավաքող չկա։
Մարիուպոլում եղբայրական գերեզման են սարքել մարդկանց թաղելու համար, շենքերի բակերում են թաղել։ Ցավոք սրտի, հայերի մեջ՝ քաղաքացիական անձանց մեջ, զոհեր ունենք՝ երիտասարդ, տղա, աղջիկներ, երիտասարդ մայրեր, որոնք մահացել են հրթիռակոծություններից։ Մեկ շաբաթ առաջ էլ մի աղջիկ երեխա էր ջրազրկումից մահացել»։

Ինչ վերաբերում է մարդասիրական միջանցք բացելուն, Դոնեցկի հայերի միության նախագահն արձագանքեց. «Չեմ հավատում, քանի անգամ խաբվեցին մարդիկ, չեմ կարող ասել, թե որ կողմը խաբեց, բայց  չտվեցին մարդկանց հնարավորություն դուրս գալու, ո՞ւմ էր դա ձեռնտու՝ չեմ կարող ասել։ Բայց պետք է ամբողջ աշխարհին ասել, որ Մարիուպոլում անմարդկային բան տեղի ունեցավ՝ ոչնչացրին մի քաղաք, որն ուներ կես միլիոն բնակչություն, և պատերազմն սկսելուց հետո հնարավորություն ունեցան քաղաքի բնակչության միայն 10-20 տոկոսին էվակուացնելու, մնացած բնակչությունը դաժանաբար մսաղացի մեջ ընկավ»։ 

Վահագն Մաթևոսյանն ընդգծեց, որ մարդիկ Մարիուպոլից դեռևս փորձում են դուրս գալ, բայց արդեն փոքր խմբերով, սակայն կան ընտանիքներ, որոնք դուրս գալուց ընկել են կրակոցների տակ, ինչպես նաև քաղաքում վառելիքի խնդիր կա։ 

Ուկրաինայի հայերի միության փոնախագահ Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ ազգությամբ հայ խաղաղ բնակչության զոհերի թիվը 15-ն է, իսկ հայ զոհված զինծառայողների թիվը՝ 5-ն է։

Նարա Մարտիրոսյան