Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայերը նաև ադրբեջանցի ընտանիքներին են օգնել ռմբակոծվող Մարիուպոլից դուրս գալ, նրանք ոչ մի կողմից օգնություն չէին ստանում. Դոնեցկի հայ համայնքի նախագահ

Հայերը նաև ադրբեջանցի ընտանիքներին են օգնել ռմբակոծվող Մարիուպոլից դուրս գալ, նրանք ոչ մի կողմից օգնություն չէին ստանում. Դոնեցկի հայ համայնքի նախագահ
Հասարակություն
18:15, 04 март 2022
Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում հումանիտար միջանցք բացելու համար բանակցություններ են ընթանում, բայց արդյունքը դեռ հայտնի չէ։ Քաղաքի ելումուտը շատ վտանգավոր է, այդ իսկ պատճառով ունենք սննդի խիստ դեֆիցիտ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի հայ համայնքի նախագահ Վահագն Մաթևոսյանը։

«Երեկ չէ առաջին օրը կազմակերպել ենք մարդկանց տարհանում ավտոմեքենաների մեծ շարասյունով՝ 100 ավտոմեքենա կար, չնայած էլի անվտանգ չէր, շատ ռիսկեր էր պարունակում։ Այդ շարասյունով Մարիուպոլից դուրս ենք բերել 6 հայ ընտանիք ու առանձին 2 հոգի հայազգի ներկայացուցիչներ։ Նրանք հիմա արդեն ապահով տեղում են գտնվում։ Ներկայումս մի քանի հայ ընտանիք էլ սպասում են հերթական տարհանմանը»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Վահագն Մաթևոսյանն ընդգծեց, որ Մարիուպոլ քաղաքից տարհանվել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: «Դուրս են եկել հույները, հույների դեսպանությունը՝ իրենց լրագրողներով ու աշխատակազմով, քաղաքի բնակիչ ուկրաինացիները, ադրբեջանցի 6 ընտանիք։ Շատ հետաքրքիր էր, որ ադրբեջանցի ընտանիքները ոչ մի կողմից օգնություն չէին ստացել տարհանվելու հարցում, մենք՝ հայերով ենք օգնել իրենց, այդ նեղ պահին հայերն ադրբեջանցիներին մարդասիրություն ցուցաբերեցին»,- ասաց նա։ 

Դոնեցկի հայ համայնքի նախագահն ընդգծեց, որ այն հայ ընտանիքները, որոնք դուրս չեն եկել, իրենց երեխաներն իրենց հետ են, և չկա այնպիսի ընտանիք, որ երեխաներին քաղաքից տարհանած լինի առանց ծնողի։ 

«Մարդիկ շարունակում են ապաստարաններում մնալ, սննդի խնդիր կա խանութներում։ Մեր հայազգի քաղաքային պատգամավորն այս ողջ ընթացքում ալյուրի ու հացի հարց է լուծել ու ավտոմեքենաներով բաժանել մարդկանց։ Մոտավորապես մի կես ժամ առաջ ինֆորմացիա ենք ստացել, որ կրակոցներ չկան, և դա պայմանավորված է նրանով, որպեսզի հումանիտար միջանցք բացեն»,- ասաց Դոնեցկի հայ համայնքի նախագահը։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնբասի ժողովրդական իշխանություններն են օգնություն խնդրել Ռուսաստանից, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան:   

Նարա Մարտիրոսյան