Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիուպոլ քաղաքում թեժ մարտեր են, սնունդ գրեթե չկա խանութներում, փորձում ենք երեխաների տարհանում կազմակերպել․ Դոնեցկի մարզի հայերի միության նախագահ

Մարիուպոլ քաղաքում թեժ մարտեր են, սնունդ գրեթե չկա խանութներում, փորձում ենք երեխաների տարհանում կազմակերպել․ Դոնեցկի մարզի հայերի միության նախագահ
Հասարակություն
17:29, 02 март 2022
Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում շատ թեժ մարտեր են գնում, ծանր հրետանի է կիրառվում։ Քաղաքից դուրս գալը՝ մարդկանց տարհանումն անհնար է, որովհետև անվտանգ չէ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Դոնեցկի մարզի հայերի միության նախագահ Վահագն Մաթևոսյանը, ով ներկայումս գտնվում է հենց Մարիուպոլ քաղաքում։

«Պարբերաբար պայթյունների ձայներ են լսվում, տները դղրդում են ձայներից, քանդվում են, քաղաքացիական շինություններ են վնասվել, արկերն ընկել են նաև փողոցներում, ռազմական օբյեկտների վրա։  Ովքեր չեն հասցրել տեղափոխվել քաղաքից՝ գտնվում են ապաստարաններում»,- նշեց Վահագն Մաթևոսյանն ու ընդգծեց, որ փորձում են կազմակերպել հայ համայնքի տարհանումը․ «Ես այդ գործընթացի մեջ եմ հիմա։ Խնդրել ենք կազմել մեքենաների շարասյուն, ունենալ սպիտակ դրոշներ, մեքենաների վրա ուկրաիներեն լեզվով գրված լինի՝ «Երեխաներ»։ Բացի այդ փորձում ենք հյուպատոսի հետ կապ պահենք և քաղաքային իշխանություններին նախազգուշացնենք, որ խաղաղ բնակչություն է դուրս գալու, որպեսզի չկրակեն, և կարողանանք երեխաներին տարհանել դեպի արևմտյան Ուկրաինա»։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Մարիուպոլ քաղաքի ոչ բոլոր խանութներն են գործում, սնունդ գրեթե չկա խանութներում, եղած սնունդ էլ շատ թանկ է․ «Այսօր որոշ չափով ալյուրի խնդիր ենք լուծել, որպեսզի մարդիկ կարողանան հաց ուտեն։ Ունենք հայ ազգի պատգամավոր, որն օգնել է ալյուր հանեն պահեստից, հաց թխեն ու բաժանեն բնակչությանը, նաև կարտոֆիլ ենք բաժանել։ Չեմ կարող ասել բառի բուն իմաստով սոված են մարդիկ, բայց սննդի խնդիր կա, քաղաքի մուտքն ու ելքը գրեթե ամբողջությամբ փակ է»։   

Նշենք, որ Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն այսօր հեռուստաեթերում հայտարարել է, որ ռուսական զորքերը վերջին 12 ժամվա ընթացքում տարբեր զինատեսակներով անընդմեջ գնդակոծում են Մարիուպոլ քաղաքը: 

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնբասի ժողովրդական իշխանություններն են օգնություն խնդրել Ռուսաստանից, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան:   

Նարա Մարտիրոսյան