Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռմբակոծությունից հրկիզվել է Ուկրաինայի Վոլնովախա քաղաքի հայ համայնքի ղեկավարի տունը

Ռմբակոծությունից հրկիզվել է Ուկրաինայի Վոլնովախա քաղաքի հայ համայնքի ղեկավարի տունը
Հասարակություն
16:52, 28 февраль 2022
«Ուկրաինայի արևելքում, հարավում և կենտրոնական Ուկրաինայում օդային և ցամաքային բախումները շարունակվում են։ Ես Կիևում եմ՝ հենց առաջին օրվանից պարետային ժամ էր հայտարարված, շաբաթ օրվանից չէինք կարողանում դուրս գալ, այսօր առավոտյան 8-ից  մարդիկ արդեն քիչ-քիչ դուրս են գալիս, խուճապ չկա, բայց իրավիճակը ծանր է»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Կիևի հայ համայնքի նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Ուկրաինայի օկուպացված շրջաններում՝ Խարկովում, Սումիում, Խերսոնում, սննդի և վառելիքի խնդիր կա, և գնալով էլ ավելի է այդ խնդիրը մեծանում, իսկ Կիևում սննդի և վառելիքի խնդիր դեռևս չկա. «Ուկրաինայում կազմակերպված տարհանում չկա, ովքեր հեռացել են կամ մտադիր են հեռանալ՝ իրենց միջոցներն են օգտագործում՝ ավտոմեքենաները, ոմանք էլ երկաթուղային տարբերակն են օգտագործում։ Օկուպացված են ամբողջ Դոնեցկի մարզը, Չեռնիգովը, Սումին, Խարկովը և Խերսոնը»։ 

Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ քաղաքացիական զոհերի մեջ, այս պահի տվյալներով, հայեր չկան: «Վոլնովախա քաղաքում ռմբակոծությունից հրկիզվել էր այնտեղի հայ համայնքի ղեկավարի տունը, սակայն բնակիչները հասցրել են դուրս գալ և չեն վիրավորվել»,- ասաց նա։  
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Ուկրաինայում քաղաքացիական զոհերի մեջ ազգությամբ հայերի մասին հաստատված տեղեկատվություն դեռևս չկա։ 

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնբասի ժողովրդական իշխանություններն են օգնություն խնդրել Ռուսաստանից, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան:   

Նարա Մարտիրոսյան