Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևում գիշերվանից թե օդային հարվածներ են, թե ցամաքային՝ ծանր հրետանիներով, շատերը մետրոյի կայարաններում են գիշերել. Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ

«Կիևի տարբեր հատվածներում գիշերվանից շատ թեժ է՝ թե օդային բախումներ են, թե ցամաքային՝ ծանր հրետանիներով: Շատերը ամբողջ գիշեր եղել են մետրոյի կայարաններում, նկուղներում, շենքերի տակի ավտոկայանատեղիներում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, որն այս պահին գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:
 
«Երեկվա տվյալներով՝ Ուկրաինայում զոհվել էր 20 հոգի խաղաղ բնակիչ: Դեռ երկու շաբաթ առաջ հայտարարություն էր գնում անդամագրվելու ինքնապաշտպանական ջոկատներին, և հիմա ցուցակով գրանցվածներին արդեն զինում են»,- հավելեց նա: 

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում և մամուլում տարածված՝ Կիևը լքող քաղաքացիների տեսագրություններին և լուսանկարներին, Դավիթ Մկրտչյանը նշեց, որ դրանք երեկվա կադրերն են. «Հիմա նման խուճապ չկա: Ես մի քանի ժամ առաջ եղել եմ այնտեղ, որտեղ երեկ կոլապս էր՝ մարդիկ դեպի արևմուտք էին գնում, բայց այսօր ծանրաբեռնված չէր, հնարավոր էր երթևեկել: Այդքան խուճապ չկա, որ ժողովուրդը սահմանն անցնի, դեռ գնում են արևմտյան Ուկրաինա»:  

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի խոսքով՝ մի քանի օրից արդեն կունենանք հստակ տվյալներ, թե այս օրերին ՀՀ քանի քաղաքացի է լքել Ուկրաինան:     

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնբասի ժողովրդական իշխանություններն են օգնություն խնդրել Ռուսաստանից, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի դեմիլիտարիզացիան և դենացիֆիկացիան:   

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ ձայնագրությունում