Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեպքը մարտական դիրքում է եղել, եթե վրանում լիներ, կգրեինք՝ վրանում է եղել, դիրքում է եղել․ ՔԿ խոսնակը հակադարձում է Տիգրան Աբրահամյանին

Դեպքը մարտական դիրքում է եղել, եթե վրանում լիներ, կգրեինք՝ վրանում է եղել, դիրքում է եղել․ ՔԿ խոսնակը հակադարձում է Տիգրան Աբրահամյանին
Հասարակություն
12:32, 31 май 2022
Արմավիրի մարզի Նորապատ գյուղում այսօր վերջին հրաժեշտը կտան մայիսի 28-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանված ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանին։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ Նորապատի գյուղապետից։ Դավիթը ծառայում էր Կապանի սահմանային զորամասերից մեկում։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր անդրադարձել է նախօրեին հակառակորդի դիպուկահարի կողմից սպանված զինծառայող Դավիթ Վարդանյանի դեպքին՝ գրելով․ «Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ մեր զինծառայողի խոցման հատված։ Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։ Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ ասեցին, որ խոցման պահին զինծառայողը գտնվել է վրանում, առհասարակ զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, որ առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով»։

Ապա պատգամավորը նաև հարց է բարձրացրել․ «Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ի՞նչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում»։

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը Civic.am-ի հարցին, թե ճի՞շտ է արդյոք ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը և տարածած լուսանկարը, որ մեր զինվորը վրանում է սպանվել, ասաց․ «Եթե վրանում լիներ, մենք հաղորդագրության մեջ կասեինք, մենք ասում ենք՝ դիրքում է եղել։ Հրապարակման մեջ ասված է, որ դիրքում է եղել»։ 

Նշենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության, «նախնական տեղեկություններով՝ 2022 թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների հետևանքով ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022 թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը»:

Հավելենք, որ ադրբեջանցիները նաև տարածում են, թե քանի որ դեպքը վրանում է եղել, իրենք այդ սպանության հետ կապ չունեն։