Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկվա բախումների ժամանակ գիտակցությունը կորցրած ոստիկանը հարվածներ է ստացել Լևոն Քոչարյանի շուրջ հավաքվածներից՝ կրծքավանդակի և վզի շրջանում

Երեկվա բախումների ժամանակ գիտակցությունը կորցրած ոստիկանը հարվածներ է ստացել Լևոն Քոչարյանի շուրջ հավաքվածներից՝ կրծքավանդակի և վզի շրջանում
Հասարակություն
13:38, 31 май 2022
Երեկ Կառավարության 3-րդ շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը կորցրել էր գիտակցությունը։ Civic.am-ին հաջողվեց մանրամասներ պարզել․ ըստ այդմ, ոչ թե ոստիկանի ինքանզգացողությունն էր վատացել, այլ վերջինս ուժեղ հարվածներ էր ստացել ցուցարարների կողմից վզի և կրքավանդակի շրջանում։ 

Իշխան Սաղաթելյանի սադրիչ գործողություններից և կոչերից անմիջապես հետո ցուցարարները երեկ հարձակվեցին կառավարության շենքը պահպանող ոստիկանների վրա։ Այդ ընթացքում Լևոն Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանցից մեկը հարվածներ է հասցրել ոստիկանին, որից հետո վերջինս կորցրել է գիտակցությունը։ Ինչպես հայտնի է՝ Լևոն Քոչարյանը ցույցերին մասնակցում է մարզված տղամարդկանց շքախմբով շրջապատված։ 

Գիտակցությունը կորցրած ոստիկանը Սուրեն Անտոնյանն է, ով առաջին բուժօգնություն ստանալուց հետո  դիմել է Արմենիա բժշկական կենտրոն։ Անտոնյանի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի վնասվածք, փափուկ հյուսվածքների սալջարդ։ 

Ընդդիմադիր շրջանակները պարբերաբար աղաղակում և դժգոհում են ոստիկանության կողմից կիրառվող բիրտ ուժից՝ չնայած հանգամանքին, որ այս ակցիաների ժամանակ ակնհայտ է, որ ոչ թե ոստիկաններն են գրոհում ցուցարարներին, ինչը մենք սովոր էինք տեսնել նախկինում, այլ հակառակը՝ ցուցարարներն են գրոհում ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանությունը ոչ մի հատուկ միջոց չի կիրառում։ Ընդամենը մեկ անգամ է օգտագործել պաշտպանական հատուկ միջոցներ՝ վրաններ և սաղավարտներ՝ գրոհող ցուցարարներից պաշտպանվելու համար։ 

Ընդդիմությունը հաճախ ոստիկաններին ամոթանքներ տալուց զատ, սովորության համաձայն անվանում է թուրք։ Նույն Սուրեն Անտոնյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Սեպտեմբերի 29-ից մեկնել է Արցախ, եղել է Քարվաճառում։ Անտոնյանի կինն էլ՝ Աննան, Շենգավիթ բժշկական կենտրոնում է աշխատում որպես բուժքույր և պատերազմի օրերին բժշկական օգնություն է ցուցաբերել վիրավոր զինվորներին։
 
Անտոնյանը, սակայն, երեկվա դեպքերի արդյունքում միակ տուժած ոստիկանը չէ։ Քննչական կոմիտեն քիչ առաջ հրապարակեց, որ բախումների հետևանքով մեկ տասնյակից ավել ոստիկան վնասվածքներ են ստացել՝ աջ բազկի ստորին երրորդականի կտրած-պատռած վերքի, գանգուղեղային, կրծքավանդակի, կրծոսկրի սալջարդի, որովայնի, աջ ազդրի հետին մասի վնասվածքների և այլնի ձևերով: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 8 անձ ձերբակալվել է։

Ձերբակալվածների թվում են Սերժ Սարգսյանի եղբոր, Սաշիկ Սարգսյանի տղան՝ Հայկ Սարգսյանը և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան՝ Տիգրան Խաչատրյանը։  

Վովա Հակոբյան