Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազության շենքի դիմաց՝ հայհոյանքներով ակցիայի ժամանակ ոստիկանին հարվածած Հայկ Հեքիմյանի գործը գնացել է դատարան․ ՔԿ խոսնակ

Դատախազության շենքի դիմաց՝ հայհոյանքներով ակցիայի ժամանակ ոստիկանին հարվածած Հայկ Հեքիմյանի գործը գնացել է դատարան․ ՔԿ խոսնակ
Իրավունք
14:40, 18 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզում՝ հայհոյանքներով խոչընդոտելու դեպքերով հարուցված քրեական գործը դեռևս չի գնացել դատարան՝ նախաքննության փուլում է։ Նախաքննության փուլում է նաև ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց նմանաբնույթ ցույցերի հիմքով հարուցված քրեական գործը։ Միայն մեղադրյալ Հայկ Հեքիմյանի մասն անջատվել է քրեական գործից և ուղարկվել դատարան՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց  Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Վարդան Թադևոսյանը։ Նա նաև հավելեց, որ թե՛ Սյունիքի, թե՛ դատախազության դեպքերով հարուցված քրեական գործերով մեղադրյալների թիվը չի ավելացել 28-ից։

Նշենք, որ Հայկ Հեքիմյանը մեղադրվում է 2021 թվականի ապրիլի 22-ին՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց կազմակերպված հավաքի ընթացքում բռունցքով երկու անգամ ոստիկանին հարվածելու համար։ 

Հայկ Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանի խոսքով ապացույց՝ տեսանյութ կա, որ Հեքիմյանը ոստիկանին հարվածել է 2 անգամ, սակայն ոչ թե բռունցքով, այլ ձեռքի բաց ափով․ «Բայց նաև ապացույց կա, որ դրանից առաջ ոստիկանն է նրան հարվածել։ Ստացվում է Հեքիմյանը ի պատասխան ոստիկանի հարվածի է հարվածել։ Ոստիկանը երկու անգամ արմունկով հարվածել է Հայկ Հեքիմյանին, հետո Հայկ Հեքիմյանը՝ ոստիկանին, ընդ որում ոստիկանի հարվածի հետևանքով վնասվածք է ստացել Հայկ Հեքիմյանը՝ քթի, աչքի շրջաններում։

Դրա հետ կապված նախաքննություն է կատարվել Հատուկ քննչական ծառայությունում և որոշում է կայացվել ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ ապացույց ձեռք չի բերվել, որ ոստիկանը դիտավորությամբ է հարվածել»։

Հայկ Հեքիմյանի դատաքննությունը նշանակված է սեպտեմբերի 2-ին։  

Նշենք, որ Հայկ Հեքիմյանը հանդիսանում է՝ ՀՅԴ անդամ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընտրական ցուցակում ընդգրկված Արծվիկ Մինասյանի զարմիկը։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին՝ Ագարակում, Մեղրիում և Շուռնուխում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը նշված վայրեր խոչընդոտելու դեպքերի օրը՝ երեկոյան ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հայհոյանքներով զուգորդված բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Ընդդիմության խոսքով՝ այդ ակցիան  բերման ենթարկված Սյունիքի մի շարք բնակիչների՝ այդ թվում Մեղրիի քաղաքապետի պաշտպանությանն էր ուղղված։ Ակցիայի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ արեց՝ «Ժողովուրդ դուք ազատ եք, ինչ ուզում եք արեք», որից հետո ընդդիմության որոշ ներկայացուցչներ Գլխավոր դատախազության շենքի մոտ բախվեցին ոստիկանների հետ և փորձեցին ներխուժել դատախազություն, նրանք հայհոյանքներ էին հնչեցնում վարչապետի հասցեին, այնուհետև ձվեր ու շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ։ Ցուցարարների ու ոստիկանների միջև բախման արդյունքում ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նա տեղափոխվեց հիվանդանոց։ Գլխավոր դատախազությունն առաջարկեց ընդիմության ներկայացուցիչներին հանդիպել շենքի ներսում, սակայն նրանք հրաժարվեցին, ինչի մասին տեղեկացրեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

Նարա Մարտիրոսյան