Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում և դատախազության դիմաց կազմակերպված ցույցերի դեպքերով ընթացող նախաքննությունն ավարտման փուլում է․ ՔԿ

Սյունիքում և դատախազության դիմաց կազմակերպված ցույցերի դեպքերով ընթացող նախաքննությունն ավարտման փուլում է․ ՔԿ
Իրավունք
17:33, 04 июнь 2021
Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ հայհոյանքներով ու ճանապարհ փակելով զուգորդված ակցիաների ու ՀՀ գլխավոր դատախազության դիմաց նմանաբնույթ ցույցի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտման փուլում է։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նշենք, որ քրեական գործերը հարուցվել են ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), նույն հոդվածի 3-րդ մասի՝ 1,2 և 5-րդ ենթամասերով (կազմակերպված խուլիգանություն, որը զուգորդվել է ցինիզմով և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով), ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ 

Հիշեցնենք, որ պրիլի 22-ին՝ Ագարակում, Մեղրիում և Շուռնուխում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը նշված վայրեր խոչընդոտելու դեպքերի հաջորդ օրը ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հայհոյանքներով զուգորդված բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանում՝ Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Ընդդիմության խոսքով՝ այդ ակցիան  նախօրեին բերման ենթարկված Սյունիքի մի շարք բնակիչների՝ այդ թվում Մեղրիի քաղաքապետի պաշտպանությանն էր ուղղված։ Ակցիայի ժամանակ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը կոչ արեց՝ «Ժողովուրդ դուք ազատ եք, ինչ ուզում եք արեք», որից հետո ընդդիմության որոշ ներկայացուցչներ Գլխավոր դատախազության շենքի մոտ բախվեցին ոստիկանների հետ և փորձեցին ներխուժել դատախազություն, նրանք հայհոյանքներ էին հնչեցնում վարչապետի հասցեին, այնուհետև ձվեր ու շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ։ Ցուցարարների ու ոստիկանների միջև բախման արդյունքում ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նա տեղափոխվեց հիվանդանոց։ Գլխավոր դատախազությունն առաջարկեց ընդիմության ներկայացուցիչներին հանդիպել շենքի ներսում, սակայն նրանք հրաժարվեցին, ինչի մասին տեղեկացրեց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։