Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ իրավիճակ է Աղավնոյում ու Բերձորում․ «Ադրբեջանը Արցախի նախագահին ուղարկած նամակով հայտնել է՝ եթե ցանկություն ունեն, կարող են մնալ, սակայն Ադրբեջանի ագրեսիան, թշնամանքը տեսնելով՝ բնակչությունը չի հավատում»

Ի՞նչ իրավիճակ է Աղավնոյում ու Բերձորում․ «Ադրբեջանը Արցախի նախագահին ուղարկած նամակով հայտնել է՝ եթե ցանկություն ունեն, կարող են մնալ, սակայն Ադրբեջանի ագրեսիան, թշնամանքը տեսնելով՝ բնակչությունը չի հավատում»
Հասարակություն
18:34, 12 август 2022
Արցախի երեք բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի եւ Ներքին Սուսի բնակիչները, որոնք ըստ ՌԴ խաղաղապահի սահմանած ժամկետի, մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, սպասողական դրության մեջ են, թեև իրերը արդեն հավաքել են, բայց դեռ չեն հեռանում, հույս ունեն՝ ինչ-որ բան կփոխվի։ 

Նշենք, որ Ացախում խաղաղապահ առաքելություն իրականցնող և Արցախի անվտանգությունը ստանձնած Ռուսաստանը, թերևս տուրք տալով Ադրբեջանի պահանջին,  որոշել է ավելի վաղ տարհանել այդ 3 գյուղերի բնակչությանը և հանձնել Լաչինի միջանցքը, քան նախատեսված էր 2020 թ-ի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ։ Աղավնոյի քաղաքապետ Անդրանիկ Չավուշյանը մեզ փոխանցեց, որ այժմ Աղավնոյում տարհանման պլանի համաձայն համարյա ամբողջ բնակչությունը՝ մոտ 200 մարդ, նրանց թվում՝ ավելի քան 70 երեխա, դուրս չեն եկել, բայց պատրաստվում են դուրս գալ, իրերն են հավաքում։ 

Դիտարկմանը, թե համացանցում պարբերաբար տեսանյութեր են ցուցադրվում, որտեղ բնակիչներից ոմանք հաստատակամ պնդում են, որ չեն լքելու իրենց բնակավայրը, մնալու են, տեր կանգնեն հայրենի տանը, և կոչ են անում բոլորին միանալ իրենց ինքնապաշտպանությանը, համայնքապետը պատասխանեց․ «Այո՛, կան մի քանի ընտանիք, որոնք վերջին մի քանի օրը մտքափոխվել են և չեն ցանկանում հեռանալ կամ տարակուսում են՝ դո՞ւրս գալ, թե՞ ոչ։ Ի՞նչ ասեմ․․․Իրենց գործն է»։ Հարցին՝ ի՞նչ երաշխիքով են ցանկանում մնալ գյուղում, հավատում են, որ ադրբեջանցիները խաղաղ բնակչությանը չե՞ն համարձակվի վնասել, Չավուշյանն ասաց․ «Չգիտեմ, չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Արայիկ Հարությունյանը մեզ հայտնել է, որ Ադրբեջանը Արցախի նախագահին ուղարկած նամակով հայտնել է, որ մինչև ամսի 25-ը պետք է բնակչությունը դուրս գա, բայց եթե ցանկություն ունեն կարող են մնալ, սակայն Ադրբեջանի ագրեսիան, թշնամանքը տեսնելով՝ բնակչությունը չի հավատում»։

Անդրադառնալով ինքնապաշտպանություն կազմակերպելու մասին որոշ անհատների, կուսակցությունների կոչերին, ցանկությանը՝ համայնքապետը թերահավատորեն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ նախաձեռնությունը, լավ կլինի՝ հենց այդ մարդկանցից ճշտել՝ ինչպե՞ս են ինքնապաշտպանություն կազմակերպելու և ինչի՞ կարող են հասնել։ Չավուշյանը նաև տեղյակ չէր՝ արդյոք այս պահին ինչ-որ քննարկումներ շարունակվո՞ւմ են ռուս խաղաղապահների հետ, թե՞ ոչ։

Նրա խոսքով՝ գյուղացիները, թեև դեռ վերջնական որոշում չեն կայացրել, բայց հիմնականում մտադիր են տեղափոխվել Երևան, Չարենցավան, որոշ ընտանիքներ ցանկություն են հայտնել Սյունիքի մարզում հաստատվել, մոտ 7-8 ընտանիք էլ ցանկանում է բնակություն հաստատել Արցախի Ասկերանի շրջանում։ 

Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Բերձորի 70 ընտանիքն էլ դուրս է գալու գյուղից, սակայն այս պահի դրությամբ որևէ բնակիչ դուրս չի եկել, իրերը հավաքած՝ պատրաստվում են տարհանման։
«Բոլորն իրենց տեղում են, ամեն մեկն իր իրերն է հավաքում, պատրաստվում են տարհանման: Բնակիչները շատ տխուր են, ափսոսանք կա, երկար տարիներ նրանց բնակության մշտական վայրը Բերձորն է եղել, հիմա ուրիշ միջավայր, ուրիշ բնակավայր, ուրիշ շրջապատ են տեղափոխվում, անգամ խաղաղ պայմաններում բնակավայրը փոխելիս անհարմարություն զգում ենք»,-ասել է Նարեկ Ալեքսանյանը: Համայնքապետը նշել է նաև, որ բնակիչների մի մասը ցանկանում է տարհանումից հետո մնալ Արցախում, մյուս մասն էլ ցանկություն է հայտնել տեղափոխվել Հայաստան:

Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է նաև հուշարձանների տարհանման գործընթացը: Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու հարակից տարածքից հանվում է նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: